Իջևանի ակցիաներն ինքնաբուխ չեն եղել. Արթուր Վանեցյան
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Իջևանում հուլիսի 18-ին կազմակերպված ակցիան ու անկարգությունները ինքնաբուխ չեն եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Վանեցյանն ասաց օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում:
«Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա: Չեմ կարող տալ այդ անունները, որովհետև Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով դեռևս քննվում է, և նախաքննական գաղտնիքը կարող է բացահայտել միայն նախաքննություն իրականացնող մարմինը: Ես իրավասու չեմ այդ գաղտնիքը բացահայտել»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նշեց, թե չի կարծում, որ այդ անունները հայտնի են հանրության լայն շրջանակների:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Տեղի ունեցած անկարգությունների դեպքով կալանավորվել է 10 քաղաքացի: