Վրաերթի է ենթարկել երկու հոգու եւ դիմել փախուստի. վիրավորներից մեկը մահացել է. արդեն կա ձերբակալված անձ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, անհայտ անձը ավտոմեքենայով Արտաշատ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու եւ դիմել փախուստի: Վրաերթի հետեւանքով հետիոտներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ է ՝ ծնված 1977թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: