Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Յուրի Սահակյանը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Վաստակաշատ գրողի, մանուկների և բոլոր ընթերցողների սիրելի բանաստեղծի ու բարեկամի, հրաշալի գործընկերոջ և մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների ու մտերիմների սրտերում»,-գրել է Միլիտոնյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ, երբ ուսումնասիրել է 1960-ականներին ասպարեզ իջած բանաստեղծների գործերը, սկզբում իրեն ամենաշատը հենց Յուրի Սահակյանն է տպավորել, հատկապես՝ «Իմ դիմանկարը» բանաստեղծությունը: Նիկողոսյանը սոցիալական ցանցում մի հատված է տեղադրել վերոնշյալ բանաստեղծությունից.
Նկարեցեք ինձ ահա այսպես
երիտասարդ,
միջակից բարձր հասակով,
20-րդ դարի ֆոնի վրա,
աչքերում վիշտը 41 թվի
և հրճվանքը տիեզերական վաղվա:
Ես այն սերունդն եմ,
ում հայրերը չծերացան
տանը, առօրյա հոգսերի մեջ:
Ես այն սերունդն եմ,
ով բոլոր գրքերը կարդաց
պատերազմի մասին՝
հայրերին գտնելու հույսով
Հարկավոր էր նրանց փնտրել կյանքում:
Ու գնաց հայրերի հետքերով:
Յուրի Սահակյանը ծնվել է 1937 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից բարձրագույն գրական դասընթացներին։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։
Յուրի Սահակյանը հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների (մեծ մասը՝ գրված մանուկների համար)։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։