Մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու համար
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 33-ամյա բնակիչը, դատարանի դատավճռով ամուսնալուծված լինելով Երևան քաղաքի բնակչուհու հետ, 2018թ. դեկտեմբերի սկզբին, իրենց անչափահաս երեխայի բջջային հեռախոսում տեսնելով, որ իր նախկին կնոջ՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջի գաղտնաբառը պահպանված է, առանց վերջինիս թույլտվության, կայքէջում գտնվող անձնական հաղորդագրություններից պատճենահանել է նրա կիսամերկ լուսանկարները և հաղորդագրությունները և պահել իր մոտ: Այնուհետև՝ նույն ամսին, 33-ամյա տղամարդը համացանցի «Վայբեր» հավելվածի միջոցով նշված լուսանկարները և հաղորդագրություններն ուղարկել է նախկին կնոջ եղբորը և քրոջը՝ խախտելով Երևանի բնակչուհու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հաղորդակցության ազատության և գաղտնիության, ինչպես նաև՝ անձնական տվյալների պաշտպանության անօտարելի իրավունքները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: