Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և շինություններում
ԻՐԱՎՈՒՆՔ«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։
Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ Ըստ այդմ՝ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Բացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։