«Ժողովուրդ». «Զվարթնոց»-ի տարածքում կայանման գները կբարձրանան
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ այժմ առաջին 10 րոպեն անվճար է: Այնուհետեւ յուրաքանչյուր ժամի համար ավտոմեքենաների վճարը 500 դրամ է: Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս դրամարկղերում, ինչի արդյունքում մեքենաների կուտակումներ են լինում:
Եվ դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամի դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ: Այսինքն՝ նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած՝ գործող սակագնից ավելի շատ կվճարեն:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացիները գործող սակագներով (նկատի ունի ներկայիս սակագինը) վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն՝ գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում