Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՉինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա Կարանտինում: Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Ղազախստանի կառավարությունը կազմակերպել է Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացու տարհանումը. Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիներ:
Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտին գոտի, որտեղ կանցկացնեն 14 օր: Կարանտինի շրջանում նրանց հետ կապի մեջ կլինեն միայն բժիշկները: Նշվում է, որ տարհանված քաղաքացիների հարազատները ծանուցվել են կարանտինի շրջանում գործող կանոնների մասին:
Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացու մասին «Արմենպրես»-ը հավելյալ տեղեկություններ կտրամադրի:
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն տարածեց, որում հայտնում էր, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
«Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: