Շուշան Պետրոսյանը ձրի՞ է աշխատում, թե՞ թաքցնում է եկամուտները
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»-ը գրում է․
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ 2015 թվականի տարեկան հայտարարագիրը բավականին եզակի է իր «բովանդակությամբ»։ Նրանում երգչուհի-պատգամավորի նյութական միջոցների վերաբերյալ որևէ տվյալ գոյություն չունի։ Հայտարարագրից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ տիկին Պետրոսյանը ոչ մի լումա չունի իր հաշվին, ամբողջ տարվա ընթացքում անգամ մեկ դրամ չի վաստակել կամ ծախսել։
Զարմանալի է, բայց փաստ՝ նրա ներկայացրած հայտարարագրում նշված տողերից և որևէ մեկում որևէ թիվ, որևէ շարժական կամ անշարժ գույքի անուն գոյություն չունի։ Բոլորի դիմաց գրված է՝ տվյալներ չկան։ Միայն ամուսնու անվան դիմաց կա տվյալ՝ ամուսնու անուն ազգանունն ու պաշտոնը՝ Արման Հարությունյան, նախաբացթողումային հսկողության վարչության առաջին բաժնի պետ։
Մնացած բոլոր բաժիններում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ գույքը, շարժական գույքը, ձեռքբերած և օտարած արժեթղթերը, հանձնած կամ վերադարձած փոխառությունները, ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքը, անգամ բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները և եկամուտները հարկային տարում բաժիններում որևէ տվյալ չկա․ հենց այդպես էլ գրված է՝ տվյալներ չկան։
Ի դեպ, պատգամավորը նախորդ՝ 2014 թվականի հայտարարագիր ընդհանրապես չի ներկայացրել, իսկ 2012-ին պաշտոնը ստանձնելու օրվա և 2013-ին տարեկան հայտարարագրերը նույնպես «լրացված» են նույն ոճով՝ որևէ տվյալ հրապարակված չէ։ Սա սեփական ընտրողների, հասարակության և օրենքի հանդեպ թերևս խիստ «հարգալից» վերաբերմունքի արտահայտում կարելի է համարել։
Այս «տվյալներից» կարելի է կարծել, որ երգչուհին այսքան տարի անվճար է աշխատել՝ որպես պատգամավոր և իր աշխատանքի դիմաց չի վարձատրվել։ Եթե այդպես է, ապա այստեղ արդեն պետք է հասկանալ, թե Պետրոսյանն ի՞նքն է հրաժարվել իր պատգամավորական աշխատավարձից, թե՞ նրան պարզապես աշխատեցրել ու չեն վճարել։ Իսկ եթե ոչ առաջինն է, ոչ երկրորդը, ուրեմն ստացվում է՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, խախտելով օրենքը, թաքցնում է իր եկամուտները։