Իր ծանոթ կնոջը ներգրավել է պոռնկության մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ Երեւանի 45-ամյա բնակչուհին 2016թ. հունվարին սոցիալական կայքով հաղորդակցություն է հաստատել իր ծանոթ մի կնոջ հետ եւ տեղեկանալով վերջինիս ծանր սոցիալական վիճակի մասին` առաջարկել է մեկնել Դուբայ՝ բարձր վարձատրությամբ աշխատելու։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ, ստանալով ծանոթի համաձայնությունը, 45-ամյա կինը, շահադիտական նպատակներով, կազմակերպել է նրա տեղափոխումը արտերկիր, որտեղ նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ՝ տրամադրելով կացարան եւ ապահովելով հաճախորդներով, ինչի համար ստացել է միջնորդավճար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: