«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսագրող սարքն արձանագրել է «Երրորդմասցի Լյովիկի» սպանությունը. մանրամասներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատական նիստին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրապարակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսագրող սարքի տեսագրության արձանագրությունը: 2015թ. մարտի 4-ին «Վազ» մակնիշի ավտոմեքենան կայանում է ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որից հետո նույն տեղում կայանում է «Լեսքսուս» մակնիշի ավտոմեքենան:
Տեսագրությունում երեւում է, որ ավտոկայանատեղիի կանգառում կանգնած է սպանված Մեսրոպ Ղազարյանը: «Վազ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են գալիս երեք անձինք, որոնք քրեական գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանը(«Տլե») ու Սարգիս Գրիգորյանն («Ծգլ») են:
Շարժվելով դեպի «Լեսքսուս» մակնիշի ավտոմեքենան` կրակահերթ են բացում Մեսրոպ Ղազարյանի եւ մեքենայում գտնվող Լեւոն Ղազարյանի ու Դրաստամատ Թադեւոսյանի ուղղությամբ: Որից հետո, կրակահերթ արձակած անձանցից մեկն արագ նստում է մեքենայի աջ նստատեղին, սակայն, կրկին դուրս է գալիս եւ մյուսների հետ փախուստի են դիմում: Նկատվում է մոտակայքում գտնվող անձանց խուճապը:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: