«ՀԺ». Նորանշանակ միլիոնատեր նախարարը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 1 առանձնատուն ունի և երկու բնակարան։ Նորանշանակ նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:
Իգնատի Առաքելյանը հայտարարագրել է նաև 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ։ Պաշտոնը ստանձնելու դրությամբ՝ սեպտեմբերի 20-ին. նա ունեցել է 21.7 միլիոն դրամ, մոտ 72 հազար ԱՄՆ դոլար և մոտ 78 հազար եվրո։
Իգնատի Առաքելյանը մինչ նախարար նշանակվելը եկամուտ է ստացել աշխատավարձից և գույք օտարելուց։ Աշխատավարձը կազմել է 63.8 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 47 հազար և անհասկանալի է, թե ինչ, քանի որ հայտարարագրի այս հատվածը նախարարը թերի է լրացրել (չի նշել գումարի արժույթը)։ Նկատենք նաև, որ Իգնատի Առաքելյանը միայն հիշյալ դեպքում չէ, որ թերի է լրացրել փաստաթուղթը, նա նաև չի նշել, թե ինչ գույք է վաճառել, դրա տեսակն ու բնութագիրը։
Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը նախարար նշանակվելուց առաջ աշխատել է «Պեռնո Ռիկար» ընկերությունում։ 1998-2016 թթ. եղել է Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։