ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի ՀԱՆ-17 տիպի նռնականետի կրակոցից վնասված ՊԲ մեքենայի լուսանկարները (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հյուսիսային ուղղությամբ կիրառված ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /155 կրակոց/ եւ «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան /109 կրակոց/:
Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:
Բացի այդ, հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լեւոնի Համբարձումյանը: