Դաժան ծեծի է ենթարկվել Shame.am-ի խմբագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»-ը գրում է․
Հոկտեմբերի 5-ին Ռադիոմատչի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Արտյոմ Խաչատրյանին մոտեցել է նրա ծանոթներից մեկը, որի մասին ինքը գիտեր, որ «Ալյանսի» անդամ է, և առաջարկել է «գնալ խմելու», և նա համաձայնվել է: Օբյեկտում նրանց սպասել են մոտ 15 հոգի:
Արտյոմ Խաչատրյանի խոսքով, այդ մարդիկ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի տղաներն են եղել: Ուրիխանյանը ևս օբյեկտում է եղել: Նա պահանջել է ջնջել կայքից իր մասին գրված նյութերը, փոխարենը խոստանալով հետ վերցնել դատական հայցերը, որոնք ներկայում լսվում են Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն Արտյոմ Խաչատրյանը երկարացրել է զրույցը և չի համաձայնվել նրա պայմաններին, որից հետո սկսվել է հաշվեհարդարը:
«Ասում էր` հայցերս կվերցնեմ, դու էլ նյութերը ջնջի»: Ըստ Խաչատրյանի, Ուրիխանյանն իրեն անձամբ չի հարվածել. «Նա Դոն Կոռլեոնեն է, անձամբ չի խփել: Ասեց` դու ես մեզ խփել, ում կհավատան, դու մենակ ես, մենք 15 հոգով»: Ծեծն այնքան դաժան է եղել, որ Արտյոմ Խաչատրյանը կորցրել է գիտակցությունը: Բանդայի հեռանալուց հետո Արտյոմ Խաչատրյանին տեղափոխել են «Տոսկանա» կոչվող օբյեկտը, որտեղ նա մնացել է երկու օր: «Չէին կարող թույլ տային, որ էդ տեսքով ես իրենցից բաժանվեմ», - բացատրում է Խաչատրյանը: Այսօր միայն ուշքի է եկել և ընկերներից մեկի օգնությամբ տեղափոխվել է իր բնակարան:
Խաչատրյանի գլխին և դեմքին վնասվածքներ կան, սալջարդեր և կապտուքներ: «Ինձ համար կասկած չկար, անձամբ Ուրիխանյանն էր էնդեղ, ինքը եկել էր խփելու, իրա նպատակը դա էր: Համ դատի տաս մարդուն, համ ԱԺ-ում ելույթ ունենաս, համ էլ ծեծել տա՞ս: Նա լավ տղա չի: Վստահ եմ, Ծառուկյանը տենց բան չէր անի»,- պատմում է Խաչատրյանը: «Ալյանսից» իր ծանոթի անունը նա չի հայտնում:
Մենք զրուցեցինք նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, որը հերքեց ամբողջությամբ իր առնչությունն այս քրեական դեպքին: «Եթե դուք նման հեքիաթների հավատում եք, շարունակեք հավատալ: Եթե խոսքը գնում է այն մարդու մասին, ում կայքի մասին ես բարձրաձայնել եմ ԱԺ ամբիոնից, ապա պարզ է, չէ՞, թե ինչու նա պետք է զրպարտի ինձ: Սա այն մարդն է, որն ընտանիքիս, ինձ, եկեղեցու, հասարակությաներ և սեռական հայհոյանքներ է գրում իր կայքում: Ես նման մարդու մասին խոսել չեմ ցանկանում: Եթե նա խնդիրներ ունի, կարող է դիմել իրավապահ մարմիններին», - ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ նույն օրը` հոկտեմբերի 5-ին, նա ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց էր ուղղել կառավարությանը Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանի կողմից ստացված 21 մլն դրամի վարկի մասին: Սրա վերաբերյալ պատգամավորը նաև դատարան է դիմել հայցով:
Տիգրան Ուրիխանյանը ամուր, ազգակցական կապեր ունի իրավապահ մարմիններում, մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Կուտոյանի հետ, և ըստ Արտյոմ Խաչատրյանի, այս իմաստով լավագույնս պաշտպանված է: