Լիա Զախարյանի ֆոտոշարքը` վտանգավոր հարվածից հետո. դերասանուհին` շրջանառվող սուտ լուրերի ու հարվածի հետեւանքով ստացած առողջական խնդիրների մասին
ՖՈՏՈԴերասանուհի Լիա Զախարյանին մտահոգում են մամուլում իր առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող լուրերը: Մի քանի օր առաջ Լիան Instagram-ի stories բաժնում տեսանյութ էր տեղադրել, որում երեւում էր, թե ինչպես է դերասանուհին սայթաքում եւ ընկնում «Սատանի կամուրջ» կոչվող վայրում` ստանսլով հարվածներ, որից հետո համացանցում սկսեցին տարածել տեսանյութը` տարատեսակ ենթադրություններ անելով նրա առողջական վիճակի ու վնասվածքների մասին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիան հերքեց այն վարկածը, թե իրեն շտապօգնության մեքենայով են տեղափոխել հիվանդանոց, եւ թե ինքը կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: Դերասանուհին երեկ է անցել բժշկական հետազոտություն, որի արդյունքների մասին պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` մանրամասնորեն վերհիշել իր հետ պատահածն ու դրա հետեւանքով ձեռք բերած առողջական խնդիրները: Միշտ դրական դերասանուհին, ի դեպ, չի հանձնվել հարվածից: Հենց այդ նույն օրը` նույն վայրում Լիան ֆոտոշարք է իրականացրել` ցուցադրելով իր քաջությունը: Շարքի հեղինակը լուսանկարչուհի Միլեն Մանուկյանն է (theeiconn), որն ուղեկցել է նրան ճամփորդության ընթացքում:
«Դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզում` «Սատանի կամուրջ» կոչվող վայրում, ես ամենադժվար ճանապարհն անցել էի` վերեւից լարով ներքեւ, ու որոշել էինք ջրային հատվածով շարունակել ճանապարհը: Մենք ի սկզբանե ուղեւորվում էինք Տաթեւ, պարզապես որոշեցինք ճանապարհին տեսնել այդ վայրն ու գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել այդտեղ: Ոտքս դրեցի թաց քարին, որի վրա կային ջրիմուռներ, ու մեջքի վրա ընկա... ստացա մեջքի, պարանոցի ու գլխի հարվածեր: Կարելի է ասել` հազիվ եմ փրկվել. եթե գլուխս մի փոքր ձախ հարվածեի, միգուցե, ավելի լուրջ ու կյանքի համար վտանգավոր հետեւանքներ ունենայի: Բայց ժպիտով արագ ոտքի կանգնեցի, որովհետեւ ինձ հետ էին նաեւ ընկերներս, չէի ուզում, որ իրենք վախենային»,-վերհիշեց նա:
Անդրադառնալով դեպքի վերաբերյալ շրջանառվող ասեկոսեներին` Լիան նշեց.
«Շատ վարկածներ են գրում` թե վնասվածքս շատ լուրջ է, շտապօգնությամբ ինձ տարել են հիվանդանոց, նույնիսկ, կարդացել եմ, թե մահացել եմ... ինչեր ասես, որ չեմ կարդացել այս ընթացքում, ու զարմանում եմ, որ նման նյութեր կարող են գրվել ու տարածվել: Ինձ իրականում այդ պահին ոչ մի բժշկական օգնություն չեն ցուցաբերել, ես ոտքի եմ կանգնել ու ինքնուրույն շարունակել իմ ճանապարհը: Գնացել ենք Շաքեի ջրվեժ, այնտեղ էլ իրականացրել ֆոտոշարք: Պարզապես, երբ այդ ամենից հետո մտա սենյակ, որ քնեմ, հասկացա, որ ինձ լավ չեմ զգում, բացի մեջքի հատվածի ցավերից, ունեի նաեւ գլխացավ, գլխապտույտ ու սրտխառնոց, աչքերիս դեմը երբեմն սեւանում է... Երեկ որոշեցի գնալ հիվանդանոց` գլուխս հետազոտելու, այնտեղ ինձ ասացին, որ ունեմ խորը ուղեղի ցնցում, ինչի հետեւանքը եղել է նաեւ աչքերիս ճնշման բարձրացումը: Ինձ ներարկում արեցին, դեղեր նշանակեցին, որոնք պետք է ընդունեմ 3 օր: Բժիշկը նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում պետք է զգույշ լինեմ` այլ հետեւանքներից խուսափելու համար. եթե ցավերը կրկնվեն, եւս մեկ անգամ կարիք կլինի գնալ հետազոտման»,-ասաց դերասանուհին` հավելելով.
«Ինչեւէ, ներկա պահին ես լավ եմ, երեկ գնացել եմ Տաթեւի եկեղեցի, մասնակցել պատարագին, ինձ համար թալիսման եմ գնել, որն այժմ կախված է պարանոցիցս: Հուսով եմ, որ Աստված, ինչպես պահպանել է ինձ հարվածի պահին, այդպես էլ կշարունակեմ առողջ ապրել ու ստեղծագործել»: