«Կոտրված սրտի համախտանիշն ու քաղցկեղը կապված են»,- ասում են գիտնականները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCNN-ը հաղորդում է, որ գիտնականները պարզել են՝ կոտրված սրտի համախտանիշի և քաղցկեղի միջև կապ կա:
Կոտրված սրտի համախտանիշը հայտնի է նաև որպես՝ սթրեսի հետևանքով առաջացած կարդիոմիոպաթիա: Դրա ախտանշաններից մեկը կրծքավանդակի հանկարծակի ցավն է, որը պայմանավորված է սթրեսային հորմոնների արտազատումով:
Համախտանիշի ախտանշաններն են՝
- Ուժեղ սթրեսից հետո կրծքավանդակի ցավ ու հևոց,
- Էլեկտրասրտագրության խանգարումներ, որոնք նմանակում են սրտի կաթվածի,
- Սրտի ձախ փորոքի շարժման խանգարումներ,
- Փորոքի փուչիկացում,
- Կորոնար շնչերակության խանգարման նշանների բացակայություն,
- Վերականգնում մեկ ամսվա ընթացքում:
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ամսագրում տպագրված նոր հետազոտության համաձայն՝ կոտրված սրտի սինդրոմը կարող է կապված լինել քաղցկեղի հետ:
Հետազոտությունը պարզել է, որ նշված համախտանիշն ունեցող վեց մարդկանցից մեկի մոտ քաղցկեղ է առաջացել: Բացի դրանից, ախտորոշումից հետո՝ 5 տարվա ընթացքում՝ այդ մարդկանց մահվան ավելի մեծ հավանականություն է գրանցվել, քան սինդրոմը չունեցողների մոտ:
Հետազոտողները, սակայն, նշել են, որ կոտրված սրտի սինդրոմի և քաղցկեղի միջև եղած պատճառահետևանքային կապերը դեռևս չեն բացահայտվել: Բայց այն, որ նրանք որոշակի կապ ունեն, դա փաստ է: Պետք չէ, որ մարդիկ, ովքեր քաղցկեղ կամ կոտրված սրտի համախտանիշ ունեն, խուճապի մատնվեն. նրանք պարզապես պետք է հետազոտվեն՝ հավանական քաղցկեղը ժամանակին ախտորոշելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: