«Հրապարակ». Որևէ մեկը չի արձանագրել, որ վտանգ կա
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Խաշթառակ գյուղի վեցամյա երեխայի մահը ցնցել է բոլորին։ Ընտանիքի պատմությունը դեռեւս մի քանի ամիս առաջ հանրայնացվել էր «Կիսաբաց լուսամուտներ»-ի ապրիլի 13-ի եթերում։
Հաղորդաշարի անձնակազմը տեսանկարահանումներ էր կատարել Հակոբջանյանների տանը։ Ընտանիքը հակահիգիենիկ պայմաններում էր ապրում, երեխաները բարձիթողի վիճակում էին ու անխնամ։ Մեկ սենյականոցում մեծացող 7 երեխաներից հինգի մայրը պատմում էր, որ ուտելիքի խնդիր ունեն, ինքն ամբողջ օրը ուտելիք հայթայթելով է զբաղված, դրա համար էլ չի կարողանում մաքրել տունը։ Այդ հաղորդումը դիտելիս պարզ է դառնում, որ երեխաներն այս ընտանիքում անպատշտպան են եղել, ու թերեւս չէր լինի այս ողբերգությունը, եթե պատկան մարմինները ժամանակին ուշադրություն դարձնեին ու զբաղվեին նրանցով։
«Նույնիսկ 2015-ին երեխաները մի քանի ամսով գտնվել են ՍՈՍ մանկական գյուղերում, բայց, գիտեք, երեխաների պաշտպանության համակարգում երեխաների ճակատագիրը, խնամքի կենտրոններում իրենց ապրելու իրավունքը տրվում է ծնողի համաձայնությամբ, իսկ երեխայի ծնողը նրանց նորից ետ է տարել տուն, բայց շարունակել են պատկան մարմիններն իրենց հսկողության տակ պահել։ Առայսօր որեւէ հաստատության կողմից չի արձանագրվել, որ երեխաների կյանքին սպառնացող վտանգ կա»,- ասաց մարզպետը։ Բայց երեխաները պատմում են, որ բազմիցս ծեծի են ենթարկվել, սա չի՞ նշանակում, որ դուք, պատկան մարմինները թերացել եք։
Մարզպետն ասաց՝ գործ է հարուցվել, ճիշտ կլինի՝ սպասել քննության ավարտին, որից հետո պարզ կդառնա իրականությունը։ Վստահ ենք, որ քննության արդյունքում կպատժվեն պապն ու մայրը, իսկ համապատասխան ծառայությունները ջրից չոր դուրս կգան։