«Փաստ». Ազգային արժեհամակարգի պաշտպանության թեման թեման կարող է լինել այն մեկնակետը, որի շուրջ կարող է ձևավորվել համագործակցության լայն պլատֆորմ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանը քաղաքական առումով թևակոխում է նոր շրջափուլ, որը շատ հաճախ անվանվում է «հետկորոնավիրուսային աշխարհ»։ Կորոնավիրուսի համավարակի որոշակի նահանջը հնարավորություն է տալիս համաճարակից բացի ուշադրություն դարձրել հասարակության համար կարևորություն ունեցող այնպիսի խնդիրների վրա, որոնք գործող սահմանափակումների պատճառով պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Խնդիրն այն է, որ համաճարակը քաղաքական առումով որոշակի վակուում է առաջացրել։
Եվ վերջին շրջանում իշխանությունները, օգտվելով համաճարակային իրավիճակից, երբ մեծ թվով մարդիկ փողոց դուրս գալու հնարավորություն չունեն, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն, մեկը մյուսի հետևից անցկացնում են հայկական ազգային արժեհամակարգի էությանը հակասող նախաձեռնություններ։ Ստացվում է, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀՀ-ի երբևէ ունեցած իշխանություններից ամենաազգայինն են, բայց այնպիսի ակնհայտ քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են ազգային արժեքները թուլացնելուն։
Աչքներիս առջև է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որի շուրջ մասնագետները հայտնեցին իրենց բազմաթիվ մտահոգությունները։ Բայց պետք է նկատել, որ ազգային արժեհամակարգի հարցը խոր նստվածք ունի մեր հասարակության մեջ։ Մշտապես արտաքին թշնամու հարձակման վտանգի տակ գտնվող մեր երկրի համար ազգային նկարագրի պահպանումը դարձել է մեր ինքնության մի մասնիկը, և, ըստ այդմ, պատահական չէ, որ քաղաքացիները առաջնահերթ նշանակություն են տալիս այս հարցին։ Ուստի այս թեման չի կարող չդառնալ նաև քաղաքական օրակարգի հարց։
Բնականաբար, ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում և ահազանգ է հնչեցնում, որ թիրախավորվում են ազգային արժեհամակարգի հիմնասյուները՝ եկեղեցին, ընտանիքը, մշակույթը, լեզուն։ Իսկ իշխանությունները փորձում են արդարանալ, թե դրանք ընդդիմության մանիպուլյացիաներն են։ Բայց քաղաքացիներին այլևս անհնար է հիմարացնել։ Նրանց համար ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում՝ իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարում, որի վերջնական նպատակը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է։ Եվ այս հանգամանքը հանրության մեծամասնության մոտ իշխանությունների նկատմամբ ավելի խոր դժգոհություններ է առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ անգամ տեսնում ենք, որ նշված հարցի հետ կապված դժգոհություններ կան նաև իշխանական խմբակցության ներսում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: