Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել քրտինքի տհաճ հոտը
ՖՈՏՈՔրտինքի տհաճ հոտը կարող է բավական լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։ Նման տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ հագուստի ընտրությամբ, այնպես էլ որոշակի առողջական խնդիրներով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Սուր տհաճ հոտով քրտինքի խնդրից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառն ու ազատվել նախ դրանից։ Եթե խնդիրը պայմանավորված չէ սխալ հագուստով, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել առողջական վիճակին, քանի որ նման խնդիրը հուշում է, որ օրգանիզմը չի կարողանում ինչպես հարկն է դուրս բերել տոքսիններն ու ճնշել ախտածին միկրոֆլորան։ Մասնագետները ներկայացրել են՝ որ խանգարումները կարող են դառնալ քրտինքի տհաճ հոտի պատճառ։
Հորմոնալ խանգարումներ
Մարդու մաշկին բազմանում են բակտերիաներ, որոնց կենսագործունեության արգասիքներն էլ դառնում են տհաճ հոտի պատճառ։ Որքան մեծ է բակտերիաների թիվը, այնքան ավելի ուժեղ է տհաճ հոտը, սակայն քչերին է հայտնի, որ դրանց քանակությունը շատ դեպքերում կախված է լինում օրգանիզմի հորմոնալ բալանսից։ Հենց հորմոններով է պայմանավորված այն, որ տղամարդկանց քրտինքն ավելի սուր հոտ է ունենում, քան կանանց քրտինքը, քանի որ կանանց ու տղամարդկանց օրգանիզմներում անդրոգենների, պրոգեստերոնի ու էստրոգենների հարաբերակցությունը տարբեր է լինում։
Աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ
Քրտինքի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդություններով։ Օրինակ՝ նման խնդրի պատճառ կարող են դառնալ գաստրիտը, դիսբակտերիոզը և մի շարք այլ առողջական խնդիրները։ Բացի այդ, սուր տհաճ հոտի պատճառ կարող է դառնալ նաև վատ սննդակարգը և մեծ քանակությամբ տապակած մթերքի, ապխտած մթերքի ու ռաֆինացված ածխաջրերի գործածությունը։
Ալկոհոլի գործածություն
Ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ ոչ միայն ինքնազգացողության վատթարացման ու խումարի ախտանշանների առաջացման պատճառ, այլև քրտինքի տհաճ հոտի։ Ալկոհոլային ըմպելիքների գործածությունից հետո օրգանիզմը փորձում է հնարավորինս արագ դուրս բերել էթանոլը և ակտիվացնում է նաև քրտնագեղձերը։ Այս մթերքի տարրալուծման հետևանքով առաջանում է քացախաթթու, որի գոլորշիներն էլ տհաճ հոտ են արձակում։
Այլ պատճառներ
Քրտինքի սուր տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել նաև այլ խնդիրներով։ Նման տհաճ խնդրի պատճառ կարող է դառնալ որոշակի դեղորայքի ընդունումը, ինչպես նաև ճարպակալումը, շաքարային դիաբետն ու քրոնիկ սթրեսը, ուստի նման խնդրի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։