Արտակարգ դեպք Կոտայքում. ողջ գյուղը շոկի ու խուճապի մեջ է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com-ը գրում է.
2 օր է, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Գագիկ Հայրապետյանը անելանելի դրության մեջ է հայտնվել։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 19-ին, երեկոյան Գագիկը բարձրացել է դաշտ, որպեսզի ոչխարներին արոտավայրից տուն բերի։ Ճանապարհին գայլերի ոհմակը, թվով՝ 5, հարձակվել են հոտի վրա և մի իսկական սպանդ իրականացրել։ «105 ոչխար րոպեների ընթացքում գայլերը փրթեցին։ Ես էլ անզեն էի, բարեբախտաբար շներ կային հետս, թե չէ, չէր բացառվում, որ ինձ էլ վրա տային»,-ասաց Գ. Հայրապետյանը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն իրենց հերթին ասում էին. «Ընտանիքը բազմանդամ է՝ 12 հոգի։ Գ. Հայրապետյանն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Մասնավորապես, նաև՝ սրտից։ Ընտանիքը գոյատևում էր էդ գառներով, էն էլ սև էկավ ընտանիքի գլխին։ Հուսով ենք՝ Կոտայքի մարզպետարանը, մեր մոտից ընտրված պատգամավոր Մուրադ Գուլոյանը օգնության ձեռք կմեկնեն իսկապես խիստ կարիքավոր այս ընտանիքին, հակառակ դեպքում սոցիալական այս ծանր պայմաններում այդ բազմազավակ ընտանիքը մնալու է վարկի տակ։
Պատկան մարմիններին խնդրում ենք նաև, որպեսզի բանկին միջնորդեն, որ նա 1-2 տարի սառեցնի վարկը, մինչ տեսնենք՝ ինչպես է լուծվելու խնդիրը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղում էլի է նմանատիպ դեպք եղել, բայց գայլերը հոշոտել են 40-50 ոչխար, բայց որ օրը ցերեկով գյուղից մի քանի կմ հեռավորության վրա սպանդ կիրականացնեին, չէին պատկերացնում։
«Եթե գելին տեսնենք, խփենք, ինչ-որ բնապահպաններ վայնասունները կկապեն, թե՝ վա՜յ, հասեք, գելին խփին։ Բա հիմա էդ ոհմակի պատճառով մի ամբողջ ընտանիք խրվում է սոցիալական ծանր բեռի տակ, ի՞նչ պետք է ասեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կատարվածի մասին արդեն տեղյակ են գուղապետարանն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, իսկ ինչ արձագանք են տալու, դեռևս չգիտեն։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այս պահին հոշոտված գառների մի մասը գտնվում է գյուղում՝ Գ. Հայրապետյանի տան բակում, մի մասն էլ՝ դաշտում, ցիրուցան եղած վիճակում։ Հիմա գյուղացիներն իրենց ուժերով տանելու են գայլերի կողմից հոշոտված ոչխարներին թաղեն, մինչդեռ այս ամենը պետք է կատարեն Կոտայքի մարզպետարանի առողջապահության, գյուղատնտեսության վարչությունների աշխատակիցները, որպեսզի խոլերա կամ վիրուս չտարածվի։