«Չինական մերսում». 2 չինացի տղամարդիկ մեղադրվում են 4 չինուհիներին Հայաստանում թրաֆիքինգի ենթարկելու մեջ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ1in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Չինաստանի երկու քաղաքացու գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ :
33-ամյա Չուան Վանգը և 48-ամյա Լիեն Ֆընգ Չունը մեղադրվում էին մի խումբ չինուհիների Հայաստանում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Ըստ մեղադրանքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թրաֆիքինգը կատարվել է 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Ամբաստանյալները 2014 թվականի հոկտեմբերին Չինաստանում մի խումբ կանանց կեղծ խոստում են տվել, թե Վրաստանում բարձր վարձատրվող մերսման աշխատանքով են ապահովելու, բայց իրականում տուժող ճանաչված չորս կանանց սեռական և աշխատանքային շահագործման ենթարկելու դիտավորությամբ հավաքագրել ու տեղափոխել են Հայաստան՝ հայ տղամարդկանց առաջարկելով էկզոտիկ սեքսուալ ծառայություններ:
Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է դռնփակ պայմաններում:
Գործի դատական քննությունը սկսվելու պահին տուժող ճանաչված չորս չինուհիները արդեն Հայաստանում չէին: Նախաքննության ընթացքում նրանք հարցաքննվել են, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները:
Չինացի ամբաստանյալները նախաքննության ավարտին ու ընդհանուր իրավասության դատարանում թրաֆիքինգի համար առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել:
Գործի դատական քննությամբ ընդհանուր իրավասության դատարանը հանգել է եզրակացության, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է:
48-ամյա Լիեն Ֆընգ Չունը և նրանից 15 տարով փոքր Չուան Վանգը մեղավոր են ճանաչվել թրաֆիքինգի՝ իրենց հայրենակցուհիներին կեղծ խոստումներով հավաքագրելու, Հայաստան տեղափոխելու և «չինական մերսման» անվան տակ նրանց սեռական ու աշխատանքային շահագործման ենթարկելու համար և դատապարտվել են 8-ական տարի ազատազրկման:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալների շահերի պաշտպանը՝ խնդրելով արդարացնել իր պաշտպանյալներին, քանի որ նրանց արարքում թրաֆիքինգի հանցակազմ չկա՝ չինուհի մերսողներն իմացել են, թե ինչ աշխատանք են կատարելու հեռավոր Հայաստանում և եկել են իրենց կամքով, նրանք սեռական և աշխատանքային շահագործման չեն ենթարկվել՝ ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման: