«Եթե հրադադար տեղի չունենա, նշանակում է՝ Ռուսաստանն այլևս չունի այն ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչ նախկինում». «Իրատես»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է.
Հրադադարի հաստատման մոսկովյան բանակցություններից 6 օր է անցել, բայց Ադրբեջանը ոչ միայն այն չի պահպանում, այլև թեժացնում է պատերազմը Արցախի սահմանի ողջ երկայնքով, գործի դնում նաև դիվերսիոն խմբերը։ Ըստ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ, եթե Ռուսաստանին չհաջողվի հասնել այդ փաստաթղթի իրագործմանը, իմա՝ հրադադարի պահպանմանը, նշանակում է, մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության գոտին էական թուլանալու է, որը նաև մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու հենց ՌԴ-ին։ Իրավիճակի շուրջ զրուցել ենք քաղտեխնոլոգի հետ։
-Չնայած հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը, Ադրբեջանը ռազմական ակտիվ գործողությունները շարունակում է։ Կա՞ գործուն մի մեխանիզմ, որը կարող է գոնե ժամանակավոր խաղաղություն պարտադրել թուրք-ադրբեջանական տանդեմին, որպեսզի զոհերին ռազմական գոտուց դուրս բերեն։
-Քանի դեռ Ադրբեջանը համոզված է, որ ռազմական գործողություններով կարող է էական արդյունք ունենալ, պատերազմը շարունակելու է։ Թուրքիայի հսկողությունն Ադրբեջանի վրա գնալով ավելի է մեծանում։ Ավելին, Թուրքիայի խորհրդարանում Էրդողանը հայտարարեց, որ պայքարը գնում է իրենց, այսինքն՝ թուրքական հողերի համար, և ամեն ինչ անելու են դրանք ազատագրելու համար։ Թուրքիան Ադրբեջանը համարում է թուրքական տարածք։ Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինվորական վերնախավի հանդեպ անվստահություն կար, դրա համար ԳՇ պետը փոխվեց։ Թուրքիային ևս ձեռնտու է, որ ռազմական գործողությունները երկար ձգվեն, որպեսզի Ռուսաստանի համար խնդիր ստեղծի և ցույց տա, որ տարածաշրջանում ինքը ևս նրան հավասար խաղացող է և հարցը պիտի լուծի ռուսական կողմի հետ։ Բացի սրանից, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած գործողությունների պատճառով Թուրքիան Ռուսաստանի հանդեպ վրեժի զգացում ունի, քանի որ Ռուսաստանը թույլ չտվեց, որ այդ երկրներն ամբողջովին անցնեն Թուրքիայի վերահսկողության տակ։ Քանի դեռ Թուրքիան իր վերաբերմունքը չի փոխել, հրադադար չի կարող լինել։ Մեկ այլ տեսանկյունից էլ հրադադար հնարավոր է, եթե Ադրբեջանի ռեսուրսները սպառվեն, բայց անընդհատ այդ երկրին զինամթերք է մատակարարվում, և այս պարագայում մնում է կրկին Թուրքիայի դերակատարման, նրա քաղաքականության զսպումը։
Այս ամենում էական է նաև այն հանգամանքը, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի սահմաններին շատ մոտ, որից 80 կմ հարավ են տեղակայված ահաբեկչական խմբավորումները, որոնց ռուսական զորքերը ոչնչացնում են Սիրիայում։ Հիմա դրանք եկել են արդեն ՌԴ սահմաններին շատ մոտ և կախված այն բանից, թե ինչ քաղաքականություն կորդեգրի այս հարցում Ռուսաստանը, պարզ կլինի՝ հրադադարը կպահպանվի՞, թե՞ ոչ։ Այստեղ նաև դրված է Ռուսաստանի, որպես քաղաքական դերակատարի, խնդիրը։ Եթե հրադադար տեղի չունենա, նշանակում է Ռուսաստանը այլևս չունի այն ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչ նախկինում։ Իսկ եթե Ռուսաստանը թուլանում է Հարավային Կովկասում, սկսելու են այլ վայրերում գործընթացներ տեղի ունենալ, օրինակ՝ Դոնեցկում, Լուգանսկում, Մերձդնեստրում, Միջին Ասիայում, գուցե նաև Աբխազիայում։ Այսինքն, մի քանի գործոնների առկայության պայմաններում է հնարավոր, որ Ադրբեջանը հրադադարի գնա։ Մյուս կողմից էլ չի կարելի բացառել այն, որ Ադրբեջանի ներսում խնդիրներ կառաջանան, քանի որ մեծ թվով զոհեր են եղել, և այդ մասին փաստում են ոչ միայն հայկական, այլև չեզոք աղբյուրները։ Սա ևս կարող է ստիպել Ադրբեջանին կրակը դադարեցնել։ Չնայած նա ստանում է և ահաբեկիչներ, և սպառազինություն, բայց տանկեր, զրահատեխնիկա թույլ չի տրվում ինքնաթիռով ու այլ ճանապարհով Ադրբեջան մտցնել։ Մինչդեռ հենց այս ռեսուրսներն են արդեն սպառվում Ադրբեջանում, ինչը ևս կարող է նրան ստիպել գնալ հրադադարի։ Ռուսական փորձագետներն էլ են փաստում, որ այն, ինչի այսօր հասավ Ադրբեջանը, առավելագույնն է, սրանից հետո ավելին չի կարողանալու ստանալ։
-Այսօր, ըստ էության, Ռուսաստան-Թուրքիա դիմակայություն ենք տեսնում տարածաշրջանում։ Ավելին, Ալիևը նախօրեին հայտարարեց, թե իրենց խնդիրը միայն Արցախը չէ, այլ տարածաշրջանում քաղաքական ազդեցության գոտիների փոփոխությունն է։ Ռուսաստանը կկարողանա՞ պահպանել մեր տարածաշրջանում իր ազդեցությունն այն դեպքում, որ Ադրբեջանը, ինչպես նշեցիք, ամբողջովին Թուրքիայի հսկողության տակ է։
-Պայմանականորեն ասեմ, եթե շատ վատ զարգացումներ լինեն, Ստեփանակերտը ընկնի, հաջորդը լինելու է Թավրիզը, հետո ՌԴ-ի հարավային սահմանները, որը կձգվի դեպի Ստավրոպոլ և Կրասնոդար։ Սա ռուսական կողմում լավ են հասկանում, գիտեն, որ իրենք պիտի Թուրանի դեմ պայքարեն։ Միաժամանակ ռուս վերլուծաբաններն արդեն հասկանում են, որ Ադրբեջանի վրա այլևս վերահսկողություն չունեն, հազիվ հինգ տոկոսի ազդեցություն ունենան, Թուրքիան է այնտեղ հիմնական թելադրողը։ ՌԴ-ն Ադրբեջանը կորցրել է, կկարողանա՞ն հետ վերցնել Թուրքիայից, գուցե։ Վրաստանում ևս ռուսական վերահսկողություն չկա, այնտեղ թուրք-ադրբեջանական ազդեցությունն է մեծ, որովհետև այդ երկրում նրանք տնտեսական մեծ ներդրումներ ունեն և այդ լծակներով կարողանում են իրենց տիրույթում պահել Վրաստանը։ Այս տարածաշրջանում միակ երկիրը, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը մեծ է, Հայաստանն է, ու սա այնտեղ շատ լավ հասկանում են։ Եթե Արցախում անցանկալի զարգացումներ լինեն, նրանք կորցնելու են նաև Հայաստանը և արդեն անիմաստ էլ է դառնալու Գյումրիում ռուսական ռազմաբազա պահելը, և ինչպես ռուս վերլուծաբաններից մեկը ճիշտ ընդգծեց, այն մեկ օրում կդառնա ամերիկյան, իսկ Ռուսաստանն էլ Հարավային Կովկասից ամբողջովին դուրս կմղվի, ըստ այդմ, նաև Հյուսիսային Կովկասից։
-Եթե Ադրբեջանն ամբողջովին Թուրքայի հսկողության տակ է, ինչու՞ ռուս փորձագիտական շրջանակներն այս օրերին մշտապես պարիտետը պահպանում են, Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե հավասար տիրույթում դիտարկում։
-Այդ չեզոքությունը սկզբնական շրջանում էր դրսևորվում, որքան Էրդողանի խաղաքարտերն ավելի են բացվում, այնքան այդ փորձագետները հասկանում են, որ չպետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնեն, որովհետև Ադրբեջանն այս պահին իրենց համար կորած է։ Պատերազմը սրբագրեց շատերի մոտեցումները։ Եթե նախկինում ասում էին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր և երկուսին էլ չպետք է նեղացնել, այսօր իրավիճակը փորձագիտական մակարդակում այլ է։ Իշխանությունը, այո, փորձում է պարիտետը պահպանել, բայց փորձագիտական, վերլուծական շրջանակներում իրավիճակ է փոխվել, նրանք անթույլատրելի են համարում հայկական կողմի պարտությունը։
-Ռազմական գործողությունների այս թեժ իրավիճակում ՌԴ արտգործնախարարը խոսեց բանակցային գործընթացի բովանդակության մասին և կրկին հիշեցրեց «Լավրովի պլանը», որին հաջորդեց ՀՀ վարչապետի ուղերձը։ Ինչու՞ տարածքների հանձնման մասին այս պահին բարձրաձայնվեց և, Ձեր տպավորությամբ, Հայաստանի ղեկավարի ուղերձում կա՞ր հստակ պատասխան այդ առաջարկին։
-Նախ «Լավրովի պլանը» նոր չէ և վեց ամիս առաջ այն ներկայացվեց, հայտարարվեց, որ փուլային տարբերակն է քննարկվում, որով պիտի առաջին փուլում 5 շրջանները հանձնեն։ Սակայն հայկական կողմն այդ ժամանակ չպատասխանեց այս հայտարարությանը։ ՌԴ արտգործնախարարն իր նախօրեի հարցազրույցում նաև նշեց, որ վերջին 2 տարում դրա շուրջ են բանակցություններ ընթացել, այսինքն մեր իշխանության համար դա նորություն չէր։ Երկու տարի է դրա շուրջ են բանակցում։ Իսկ թե ինչու հիմա այդ մասին բարձրաձայնեցին, որովհետև պատերազմները շատ բաներ սրբագրում են։ Եթե մի բան կարողանում ես ոչ պատերազմական իրավիճակում չհրապարակայնացնել, պատերազմի ժամանակ ստիպված ես լինում փակագծեր բացել, դրա համար Լավրովը խոսեց 5 շրջանների հանձնման մասին։ Դա իբր պիտի լինի խաղաղության և արցախցիների անվտանգության դիմաց, բայց օրերս Ադրբեջանը հարվածեց Հայաստանի հրթիռային կայանքին, սակայն ՀԱՊԿ-ը դրան ոչ մի արձագանք չտվեց։ Սա էլ անվտանգության երաշխիքներ տվող կառույցն է։
-Երբ ՀԱՊԿ-ի միջամտության մասին խոսք է լինում, ռուսական կողմը միշտ ընդգծում է, թե նախ Հայաստանը պիտի դիմի, որպեսզի այդ կառույցը համապատասխան գործընթաց սկսի։
-Անկախ հանգամանքից Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին, թե ոչ, երբ Հայաստանի տարածքն է ռմբակոծվում, Ռուսաստանն առնվազն պիտի դիրքորոշում հայտնի, դա չի նշանակում, որ իր ողջ ռազմական ավիացիայով կամ նավատորմով պիտի հարձակվի ու Ադրբեջանը ոչնչացնի։ Պարզապես պիտի հստակ դիրքորոշում հայտնի, գոնե արտգործնախարարության մակարդակով։ Թե ինչ գործողություն կիրականացնեն ՀԱՊԿ-ի մակարդակով, դա այլ հարց է, բայց առնվազն դիրքորոշում պիտի հայտնել, երբ Հայաստանի տարածքում են ռազմական գործողություններ կատարվում։ Ի դեպ, այս պահվածքն անգամ ռուս փորձագետների շրջանում է հարցեր առաջացնում։ Եթե Ադրբեջանը հարվածում է ՀԱՊԿ-ի տարածքին, իսկ ՀԱՊԿ-ը դրա մասին որևէ դիրքորոշում չի հայտնում, այդ կառույցը պահպանելու իմաստը ո՞րն է։
Ինչ վերաբերում է «Լավրովի պլանին», Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, խաղաղությունը լավ բան է, բայց տարածք հանձնել խաղաղության, այն է՝ ոչ մի բանի դիմաց, ընդունելի չէ։ Չկան պայմանագրեր, ստորագրված համաձայնագրեր։ 5 շրջան հանձնելով, Ադրբեջանը մոտենում է հայկական բնակավայրերին, և եթե նա դիվերսիոն խումբ է ուղարկում բնակավայրեր ոչնչացնելու համար, խաղաղապահներն ի՞նչ պիտի անեն, Արցախի տարածքում նրանց բռնե՞ն։ Եթե տանկերով Ադրբեջանն այդտեղից սկսում է ռմբակոծել հայկական գյուղերը, ի՞նչ պիտի անեն խաղաղապահները, պիտի գնան Ադրբեջանի տարածք դրանք չեզոքացնե՞ն։ Ընդհանրապես խաղաղապահների տեղակայման առումով շատ հարցեր կան, դրանք միայն ռուսակա՞ն խաղաղապահներն են լինելու, թե՞ ոչ։ Արդյոք Ֆրանսիան և ԱՄՆ-ը համաձա՞յն են, որ այդ գորտում միայն ռուսական խաղաղապահներ լինեն։ Ադրբեջանը համաձա՞յն է այդ խաղաղապահներին։ Ալիևը հայտարարել է, որ խաղաղապահների ներկայությունը լինելու է բանակցությունների վերջին փուլում, երբ Արցախում էլ հայ չի լինելու ու խաղաղապահների ներկայությունն էլ ոչ մեկին պետք չի լինելու։ Իրանը համաձա՞յն է խաղաղապահներին, դրանք ի՞նչ կարգավիճակ են ունենալու՞, ո՞ր տարածքում են տեղակայվելու, ի՞նչ գործառույթներ են իրականացնելու, ու՞մ են ենթարկվելու, ո՞վ է նրանց ղեկավարելու, ֆինանսավորելու, ի՞նչ հարաբերություն են ունենալու Արցախի ժողովրդի, ռազմաքաղաքական ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարության հետ... Բազում բարդ հարցեր կան, որոնք հստակեցման կարիք ունեն։ Հետո ի՞նչ է նշանակում խաղաղության ապահովում, եթե Ադրբեջանը շարունակի ռմբակոծել Արցախը, խաղաղապահներն ի՞նչ են անելու։ Արցախի կարգավիճակի մասին էլ հարցը թողնում են հետագային, այդ հետագան ե՞րբ է, 5, 10, 25 տարի հետո՞, ո՞վ է այդ կարգավիճակը որոշելու, միայն ԼՂՀ-ում ապրող բնակչությու՞նը, թե՞ այնտեղ վերադարձող ադրբեջանցիները... Կամ ասում են, թե տարածքներ հանձնելուց, խաղաղապահների տեղակայումից հետո բացվում են նաև կոմունիկացիոն ճանապարհները, բա որ ու մի ադրբեջանցի գնաց ու պառկեց երկաթգծի վրա, որտեղով ապրանքներն Ադրբեջանից Հայաստան են գալիս, ու ասաց, թե թույլ չի տալիս ապրանքները Հայաստան գնան, քանի որ իր պապը Շուշիից է, ու պիտի Շուշին իրենց վերադարձնել։ Խաղաղապահն ի՞նչ պիտի անի, գնա այդ քաղաքացուն մի կողմ քաշի, որ գնացքներն աշխատե՞ն։ Այլ բան է, եթե տարածքները վերադարձվում են ու առնվազն երկու շրջանով (Լաչին, Քելբաջար) Արցախի անկախությունը ճանաչվում է և խաղաղապահներ են տեղակայվում։ Իսկ տարածք հանձնել խաղաղության համար, որը մեկ օր հետո կարող է չլինել, պարզապես անհեռանկարային է։
-Այս պատերազմից հետո պիտի՞ վերանայել բանակցային ողջ գործընթացը, այսինքն բովանդակային առումով լրիվ այլ փաստաթու՞ղթ պիտի սեղանին դրվի, թե՞ ժառանգականությունը պիտի ապահովվի։ Ի՞նչ սրբագրումներ պիտի անել բանակցություններում։
-Պատերազմը սրբագրում է ժառանգականությունը, այսինքն՝ պահպանում ենք բանակցային գործընթացը, բայց չեմ կարծում, որ պետք է ամեն ինչ 0-ից սկսենք։ Շատ հարցեր պետք է 0-ից սկսել, որոշ բաներ էլ շարունակել այնտեղից, որտեղ այսօր կա։ Հարցին առավել լավ կարող են պատասխանել Հայաստանի իշխանությունները, քանի որ բոլոր տեղեկություններին նրանք են տիրապետում։ Այսօր իշխանությունները կանգնած են Արցախի ճանաչման ճանապարհին, կգնա՞ն մինչև վերջ, թե՞ ոչ։ Եթե ճանաչենք, քանի՞ երկիր կհետևի մեզ։ Այնպես չէ, որ մերժում են այդ ծրագիրը, բայց հայկական կողմը ոչինչ չի առաջարկում։ ՈՒ այդուհանդերձ, պատերազմը սրբագրում է արցախյան հարցի շատ կետեր։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում