Արտակարգ դեպք Վանաձորում.44-ամյա տղամարդը հայհոյել է ոստիկաններին, քաշքշել հագուստներից, հարվածել ոտքով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում 44-ամյա բնակիչը ՀՀ ԿԱ առընթեր ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի մոտ հայհոյել է ոստիկանության համազգեստով ծառայության մեջ գտնվող ոստիկանության երեք աշխատակիցներին: Տղամարդը, չենթարկվելով հայհոյանքները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել է նրանց հագուստներից, ոտքով դիտավորությամբ հարվածներ հասցրել:
Դեպքի առթիվ հոկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Քննությամբ պարզվել է, որ տղամարդը 2000 թվականից հաշվառված է «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունում` «էմոցիոնալ անկայունության խանգարում` իմպուլսիվ տիպ» ախտորոշմամբ: