«Ամեն ինչ կանենք, որ երեխաները կտրվեն առօրյա հոգսերից»․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Թիկունք» ՀԿ-ի հիմնադիր Նունե Մուրադյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել զինծառայողներին, այցելել զորամասեր։ Բնական է, որ նա չէր կարող անտարբեր մնալ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում։ «Այս օրերին այցելել եմ Երևանի բուժհաստատություններում գտնվող մեր վիրավոր զինվորներին, կարծում եմ, որ նման այցերը շատ կարևոր են նրանց համար։ Փորձում եմ իմ հնարավորությունների սահմանում օժանդակել այն ընտանիքներին, որոնք ապաստան են գտել Հայաստանում։ Նրանց հագուստ և հիգիենայի պարագաներ եմ ուղարկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նունեն։
Նշում է՝ եթե կլինեն ընտանիքներ, ընդ որում ոչ միայն Արցախից Հայաստան տեղափոխված, այլ նաև այն ընտանիքները, որոնց տղամարդիկ այսօր սահմանին են, որոնք կունենան օգնության կարիք, ինքը պատրաստ է օգնել։ «Խոսքն այս պարագայում գրենական պիտույքների և հիգիենայի պարագաների մասին է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ այս բոլոր իրերը կարողանում է ձեռք բերել իր բարեկամների և ընկերների օգնությամբ։ «Ունենք «Թիկունք» զարգացման կենտրոն, այնտեղ հաճախող երեխաների ծնողներն են օգնում։ Իմ աղջիկներն են աջակցել։
Ամեն մեկը ձեռքից եկածն անում է։ Երբ պատերազմն ավարտվի, մենք ավելի շատ անելիքներ ենք ունենալու, ավելի ծանր օրեր կլինեն, պետք է պատրաստ լինենք»,ընդգծում է ՀԿ-ի հիմնադիրը։ Տիկին Նունեն հավելում է՝ իրենց զարգացման կենտրոնում շաբաթվա ընթացքում ընդունելու են Արցախից Հայաստան ժամանած երեխաներին։ «Փորձելու ենք նրանց օրը տոն դարձնել, իհարկե, որքանով դա հնարավոր լինի։
Շատ կարևոր է, որ երեխաները գոնե մի քանի ժամով հեռանան իրենց առօրյայից, այն էլ հիմա, երբ դպրոցները և մանկապարտեզները փակ են։ Ամեն օր մեր կենտրոն տարբեր համայնքներից երեխաների 10 հոգանոց խմբեր կգան։ Այստեղ կկազմակերպենք խաղեր, մուլտերի դիտում, երեխաները կսնվեն, մի խոսքով՝ ամեն ինչ կանենք, որ նրանց օրը հագեցած լինի և կտրվեն առօրյա մտածմունքներից»,-եզրափակում է Նունե Մուրադյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում