Ականապատ «նկուղից» խուսափելու համար. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Մարդ արարածը մի շատ կարևոր յուրահատկություն ունի՝ նա անընդհատ այլընտրանք է ցանկանում: Ամեն ինչի այլընտրանք: Միագիծ, միօրինակ, միաբևեռ, միատեսակ ամեն ինչ արագ փոփոխությունների ցանկություն է առաջ բերում, որովհետև նույն այդ «միա»-ներն ի վերջո հանգեցնում են բթացման: Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ ամբողջությամբ բացառում ես առողջ այլընտրանքը. դրա արդյունքում մարդն ի վերջո կփնտրի ու կգտնի անառողջ այլընտրանք, որը գուցե ծանր հետևանքներ ունենա: Որքան էլ մարդը քաղցրակեր լինի, եթե նրան անընդհատ միայն շաքար տաս, ապա դա նրա առողջության վրա կունենա մի շարք բացասական հետևանքներ: Նախ՝ նա, ի վերջո, կստանա շաքարային դիաբետ՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, հետո կզզվի շաքարից ու արդեն ոչ թե կարիք կունենա, այլ կձգտի թթուի, դառի կամ կծուի:
Երբեմն հնարավոր է, որ պարզապես ընկնի քաղցր կոմայի մեջ ու այլևս չունենա որևէ այլ զգացողություն, այդ թվում՝ ցավի, հոտի, համի: Մյուս կողմից՝ մարդը ստիպված է լինելու այլընտրանք փնտրել այնտեղ, որտեղ արգելված է, որտեղ թույն է շաղ տված, որտեղ ականապատված է: Բայց թե նույնիսկ սովորի շաքարին, միևնույն է, հետո նա մնացյալի հանդեպ իր ձևավորված ատելությունն ի վերջո շրջելու է շաքարի դեմ: Իսկ եթե շաքարի հետ ժամանակ առ ժամանակ մուրաբա տաս, միևնույն ժամանակ՝ չափավոր կիտրոն ու թեթև դառնություն ունեցող որևէ կերակուր, այսինքն՝ այն, ինչ կա բնության մեջ, ապա ո՛չ քաղցրությունից կզզվի, ո՛չ դառնությունից կթունավորվի, ո՛չ էլ կմտնի ականապատ «նկուղ»՝ այլընտրանքային կերակուր գտնելու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում