«Արնոտ բերան մարդակերը» Հայաստանը Լիբիա ու Սիրիա դարձնելու կիսաճամփին է»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄինչ գերտերությունները շարունակում են ամենօրյա ռեժիմով հորդորել պատերազմը դադարեցնել, առաջնագծում ռազմական գործողությունները շարունակվում են։ Այս հարցում էլ համանախագահող երկրների պաշտոնյաները ոչ հասցեական հորդորներ են ուղղում՝ շատ լավ գիտակցելով, որ հրադադարը խախտում է ադրբեջանական կողմը։ Այս առումով վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման առաջարկն էլ դեռ օդում է, երբ բոլորին հստակ կլինի, թե ով է իրականում հրադադարը խախտում։
Իսկ մինչ այդ Ադրբեջանն անգամ հումանիտար նպատակներով չի ցանկանում ժամանակավորապես կրակը դադարեցնել։ Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կհանդիպեն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ադրբեջանցի նրա պաշտոնակիցը։ Այս անգամ ԱՄՆ-ն է փորձում հրադադարի պահպանման միջնորդ լինել, իսկ թե ինչ կստացվի, առաջիկայում կերևա։ Հավելենք միայն, որ Արևմուտքն անգամ ուղիղ չի հայտարարում, որ այս պատերազմի հիմնական դերակատարներից մեկը Թուրքիան է, այդ առումով մշտապես լղոզված հայտարարություն են հնչեցնում, թե «երրորդ երկրները» չպետք է թեժացնեն կրակը, իսկ թե ով է այդ «խորհրդավոր» երրորդը, բացահայտ չի էլ նշվում։ Իրավիճակի շուրջ զրուցում ենք «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
- Պատերազմի արդեն 26-րդ օրն է, հրադադարի պահպանման պայմանավորվածություններն Ադրբեջանը շարունակում է խախտել։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները ինչպե՞ս է հնարավոր զսպել, ռազմական գոտուց զոհերի դուրսբերման համար ինչու՞ գոնե կարճատև ժամանակով Ադրբեջանը չի ցանկանում դադարեցնել կրակը։
- Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան, որին ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումներ, հանդիպել է հայկական բանակի և նրան զորակցող կամավորականների դիմադրությանը: Վիճակը ռազմաճակատում գնահատվում է ծանր, բարդ, ունենք անդառնալի կորուստներ:
Այս պահին տարբեր տեղերից հնչում են միասնության ու գոտեպնդման խոսքեր, հաղթանակին հավատալու կոչեր: Պատերազմող երկրում նման մթնոլորտ պահպանելը կարևոր է: Բայց դա բավարար չէ գերակշռություն ձեռք բերելու համար: Այս պատերազմում թշնամին մեր դեմ օգտագործում է գերարդիական սպառազինություն, տեխնիկա, տեխնոլոգիաներ: Վճռականությունից և հավատից զատ պահանջվում է անհրաժեշտ սպառազինություն, որպեսզի թշնամուն հասցվի համարժեք մակարդակի, որակի և ուժգնության հարված, կասեցվի նրա առաջխաղացումը: Մարդկային միտքը, ոգին, կամքը, կազմակերպվածությունը, մարտական պատրաստվածությունը և էլի շատ ու շատ որակներ բազմապատիկ արդյունք են տալիս թշնամուն չզիջող սպառազինության առկայությամբ` օդում և ցամաքում: Պատերազմի առաջին օրվանից մատնացույց ենք անում թուրքին` որպես ադրբեջանցու դաշնակցի: Իսկ ո՞վ է և որտե՞ղ է մեր դաշնակիցը, որի աջակցության ապահովումն իշխանության պարտականությունն է, և ոչ թե խրամատում կանգնած զինվորի կամ նրան մեծացրած ծնողի: Այս պատերազմում թշնամին մեր դեմ է հանել գերարդիական սպառազինություն, տեխնիկա, տեխնոլոգիաներ, բարձրակարգ օտարերկրյա ռազմական խորհրդականներ ու մարտական գործողությունների պլանավորման ու վարման մասնագետներ:
- Հաշվի առնելով, թե այս պատերազմում քանի երկրի շահեր են բախվում, և ահաբեկիչների ներկայությունը ինչ վտանգավոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, ինչու՞ այդ երկրները գործուն ջանքեր չեն ներդնում պատերազմը դադարեցնելու համար։ Համենայն դեպս, առերևույթ այդ ամենը չի երևում։
- Ձեր հարցերի պատասխանը պահանջեք պետական պատասխանատուներից, ինչպես նաև հարցրեք նրանց, թե ինչու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի: Նման բաները անսպասելի, առավել ևս անկանխատեսելի չեն կարող լինել:
- Հայաստանում բոլորի հայացքն ուղղված է դեպի Ռուսաստանը, մյուս երկրներն էլ չեն թաքցնում, որ Թուրքիային կարող է միայն Ռուսաստանը կանգնեցնել։ Ռուսաստանի գործողություններն այս ընթացքում ինչպե՞ս եք գնահատում, և ռուսական կողմի միջնորդությամբ հայտարարված հրադադարը Ադրբեջանը չպահպանելով` արդյո՞ք նրա հետ հարաբերություններում մեծ խզում չարձանագրեց։
- Ճիշտ չեք, երբ ասում եք` «բոլորի հայացքն ուղղված է դեպի Ռուսաստանը»: Հայաստանում ոչ բոլորն են Ռուսաստանը համարում մեզ բարեկամ և երկուսուկես տարի գործում են ընդդեմ հայ-ռուսական դաշնակցության: Նաև մի բան. ես այն մարդկանցից չեմ, ովքեր անվարան գիտեն ուրիշի պարտականությունները: Ճիշտ կլինի ազգովի սթափվենք ու հասկանանք, թե ինչու լավագույն ապագայի խոստումներով հմայված մեր ոտքով եկանք-ընկանք ամենակուլ պատերազմի երախը: ՈՒ նաև ճիշտ կլինի զգաստանանք, հեռվից փչող տաք հովերին չտրվենք, հասկանանք, որ «արնոտ բերան մարդակերը» Հայաստանը Լիբիա ու Սիրիա դարձնելու կիսաճամփին է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ