Պետք է գոնե մի քիչ խելք ունենալ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախում շարունակվող պատերազմին զուգահեռ ընթանում է նաև տեղեկատվական և քարոզչական պատերազմ, որը շատ հաճախ սուր դրսևորումներ է ունենում։ Սակայն բավական ուշագրավ է, որ ադրբեջանական կողմի քարոզչությունն անցնում է բոլոր ընդունված սահմանները։ Այն ոչ միայն աչքի է ընկնում բացահայտ հայատյացությամբ, այլև հիմնված է աղաղակող ստի և կեղծիքի վրա։ Տարիներ շարունակ արհեստածին պետությունում չեղած տեղից փորձել են պատմություն հորինել, «յուրացնել» այլոց մշակույթը, հիմա էլ պրիմիտիվ քարոզչական հնարքներ են բանեցնում։ Տպավորություն է, որ այս օրերին Ադրբեջական ռազմաքաղաքական ղեկավարությունը հույսը դրել է տարածվող քարոզչական ֆեյք նյութերի վրա, ինչ է թե ամեն կերպ կարողանա ներկայացնել, թե մեծ հաջողություններ են գրանցում։
Այստեղ խնդիրը մի քանի շերտ ունի. տպավորություն է, որ զինվորականներն Ալիևին են խաբում, Ալիևը՝ իր ժողովրդին ու միջազգային հանրությանը: Բայց հաճախ Ադրբեջանի այդ քարոզչական տրյուկները դուրս են գալիս նույնիսկ խելամտության սահմաններից։ Օրինակ՝ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում հայտնում էր, թե իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական բանակի «Յարս» երկու հրթիռային համակարգերը։ Այս կապակցությամբ ռազմական ոլորտից մի փոքր հասկացող յուրաքանչյուր մարդու մոտ կարող է մեծ զարմանք առաջանալ. ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը գերժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ունի։
Պատկերացում կազմելու համար նշենք, որ РС-24 «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ընդունակ է 1,3 տոննա կշռող մարտագլխիկներ կրել, կարող է մինչև 11-12 հազար կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել։ Այդ նորագույն հրթիռային համալիրի շատ բնութագրեր գաղտնի են, և միայն մի քանի երկիր այդ զենքն ունի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան։ Ի դեպ, մի քանի օր շարունակ ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները «ղժժում» էին Ադրբեջանի գլխավոր սուտասանի վրա: Բացի դրանից, ադրբեջանական քարոզչական նյութերում հայկական «Սմերչ» կայանքից արձակված հրթիռը մեկ խնամքով հայտնվում է ասֆալտի մեջ՝ առանց վնասելու ասֆալտը, իսկ մեկ այլ դեպքում այն «տեղավորվում» է սեղանի ուղիղ մեջտեղում՝ մի թեթև տեղաշարժելով սեղանն ու աթոռները։ Շատ «կուլտուրական սմերչներ» են փաստորեն հայկականները:
Դե, հասկանալի է, պետք է գոնե մի քիչ խելք ունենաս, որ չհայտնվես ամբողջովին ծիծաղելի իրավիճակում։ Մեկ այլ պատմություն է իրենից ներկայացնում սիրիացի վարձկան ահաբեկիչների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Այդ երկրի նախագահը շարունակում է հայտարարել, թե վարձկանների առկայության մասին որևէ փաստ չկա, այն դեպքում, երբ միջազգային մամուլը լիքն է Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայիններին Ադրբեջան տեղափոխելու մասին նյութերով ու փաստերով:
Ավելին՝ Ադրբեջանում ահաբեկիչների առկայության շուրջ պաշտոնական մակարդակով իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ։ Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ վերջերս անգամ հայտնեց ահաբեկիչների թիվը։ Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը ժամանակին հայտարարում էր, որ երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո։ Սակայն Ադրբեջանի գլխավոր խաբեբայի դեպքում նույնիսկ հավանական ու անհավանական ռեկորդներ են խփվում: Բայց այնքան ապաշնորհ, մակերեսային, «կացնային» մակարդակով, որ ինչ անում են, ստացվում է «իբրահիմի» մակարդակի...
Նկարը՝ Նարարա Մուրադյանի
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում