Երեկվա օրը՝ անհանգստություն, սպասում, լարվածություն․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Շուշիի համար մարտերը շարունակվում են», «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից», «Շուշին եղել է և կլինի հայկական»: Ահա այն ընթացքը, որն ունեցավ երեկվա օրը: Իսկ ամեն ինչ սկսվեց Արցախի նախագահի առավոտյան գրառումից, ուր այսպիսի ձևակերպում կար. «...ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»: Պատերազմի մոտ մեկուկես ամսվա ընթացքում տեղեկատվական հոսքերը, որպես կանոն, եղել են համակարգված. խոսքը թե՛ պաշտոնական տեղեկատվության, թե՛ ԶԼՄ-ների գերակշիռ հատվածի մասին է: Սակայն տեղեկությունների երեկվա հակասականությունը հասարակության մեջ առաջացրեց առնվազն կարծիք, որ այստեղ «ինչ-որ բան այնպես չէ»:
Սրան զուգահեռ՝ հայաստանյան 17 կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության՝ ժամ առաջ ինքնակամ և անցնցում հեռացումը: Արդյունքում հանրության շրջանում առկա էր անհանգստություն, սպասում և լարվածություն: Այդպես էր գոնե մինչ թերթի տպագրությունը, այսինքն՝ ժամը 23.30-ի դրությամբ: Տպագիր մամուլն իր կանոններն ու գրաֆիկն ունի: Մեզ մնում է հուսալ, որ մինչ առավոտյան թերթը կհասնի ընթերցողին, նշյալ «անհանգստություն, սպասում և լարվածություն» արտահայտություններն այլևս ակտուալ չեն լինի, իսկ նյութի սկզբում նշված «հաստատումներից» ճիշտ կլինի միայն երրորդը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում