Շառլ Ազնավուրի հարցազրույցը՝ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԹուրքական մամուլում մեծ արձագանք է գտել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ France-Presse գործակալությանը տված հարցազրույցը, որը հրապարակվել էր Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ Ազնավուրի աստղի բացման արարողության առիթով:
Թուրքական diken.com.tr կայքը, անդրադառնալով ֆրանսահայ գերաստղի հարցազրույցին, մեջբերել է Ազնավուրի այն տողերը, որտեղ շանսոնյեն հայտարարել է, որ «Թուրքիան, ցեղասպանություն իրագործելով, շատ բան է կորցրել, այդ թվում՝ մշակութային առումով»:
«Թուրքիան շատ բան կորցրեց: Անգամ մի համաշխարհային մեծության երգիչ չունեն: Ես կարող էի, օրինակ, Թուրքիայում երգիչ լինել: Սակայն այսօր ես ֆրանսիացի երգիչ եմ: Սա էլ ցույց է տալիս, որ ցեղասպանությունն իր նպատակին չի հասել»,- ասել էր շանսոնյեն:
Թուրքական կայքը, սովորության համաձայն, չակերտների մեջ է գրել ցեղասպանություն բառը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղը, ինչն իրականացվել է Կալիֆորնիայի հայ համայնքի նախաձեռնությամբ: