Փաստաթուղթը ստորագրելուց հետո ՀՀ վարչապետը, որպես օգտագործված գործիք, անպիտան է, նրա համար այլևս ոչ ոք չի պայքարելու. «Իրատես»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է.
Այն բանից հետո‚ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատերի համար անսպասելի գիշերը թաքուն փաստաթուղթ ստորագրեց‚ որն ակնհայտորեն ոչ թե փոխզիջում էր արձանագրում‚ ինչպես ինքն էր ասում‚ այլ բառի բուն իմաստով հայկական կողմի անվերապահ կապիտուլյացիան‚ պարզ էր‚ որ կրքերը հայկական երկու հանրապետություններում պետք է թեժանային։
Թեև Հայաստանում իշխանության եկած ուժը 2,5 տարի շարունակ և մինչև 2018 թ. գարունը զանազան գրանտակեր կազմակերպություններ տարբեր խողովակներով փորձում էին Հայաստանում ձևավորել կոնֆորմիստական և վիրտուալ կյանքով ապրող այնպիսի հանրություն‚ որը պարտությանը որևէ արձագանք չտա‚ այնուամենայնիվ‚ 2,5 տարին բավարար չեղավ‚ որպեսզի հասարակությանը դարձնեն պարտությունը սովորական երևույթ ընկալող։ Եվ փաստաթղթի ստորագրումից հետո ժողովրդի մի մեծ մաս դուրս եկավ փողոց։ Ֆեյսբուքի տիրույթը նույնիսկ‚ որ համարվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող զոմբիների‚ պողոսների‚ կոնֆորմիստների դաշտ‚ դուրս եկավ վերահսկողությունից։ Հայաստանում անմիջապես պայթյուն տեղի ունեցավ։ Բնականաբար տարօրինակ կլիներ‚ եթե այդ մթնոլորտում իրենց քաղաքական ակտիվությունը չվերականգնեին պատերազմական իրավիճակում որոշակի մորատորիում հայտարարած կուսակցությունները։ Դրա արտահայտությունը եղավ այն‚ որ ՀՀ 17 քաղաքական ուժ հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով՝
ա. Նիկոլ Փաշինյանի և կառավարության անհապաղ հրաժարականը‚
բ. ստեղծել պետական պահպանության կոմիտե‚ որը կկառավարի‚ կփորձի քաոսից հանել երկիրը և կչեղարկի կամ գոնե կփափկացնի ստորագրված խայտառակ համաձայնագրի կետերը։
Շատերի մեջ այնպիսի պատրանք կա‚ թե Փաշինյանը‚ ինչպես նրա թիմակիցներն էին ֆեյքերի միջոցով պնդում‚ ստիպված էր ստորագրել այդ փաստաթուղթը‚ այդ սև գործն անելուց հետո միանգամից հրաժարական կտար՝ ինչ-որ կերպ պահպանելով դեմքը։ Սակայն ովքեր ճանաչում են Նիկոլ Փաշինյանին‚ հասկանում էին‚ որ այդ սցենարը նրա նման խառնվածք ունեցողի համար չէ։
Նիկոլ Փաշինյանը‚ իր ոճի համաձայն‚ թաքնվելով բունկերում‚ անմիջապես սկսեց մեղքը գցել ուրիշների վրա‚ թեև դրա վրա ոչ ոք այլևս ուշադրություն չի դարձնում ու լուրջ չի ընդունում՝ դրա մեջ հոգեկան հիվանդության դրսևորում տեսնելով։ Սակայն հետագայում փորձեց պողոսների ու զոմբիների վրա խաղալ՝ նշելով‚ թե այլ տարբերակ չուներ‚ ինչ կարողացել արել էր՝ 2,5 տարվա ընթացքում զենք էր գնել‚ եթե ինքը չլիներ‚ 44 օր էլ չէին դիմանա և նման էժանագին այլ մանիպուլյացիաներ։ Մի խոսքով՝ մի իսկական պատմություն խեղճ Նիկոլի և ճնշման ներքո որոշում ընդունող ղեկավարի մասին‚ պատմություն‚ որը հաշվարկված է ուղեղ չունեցող զանգվածի համար։
Պատերազմից հետո շատ բան պետք է վերաիմաստավորվի‚ սակայն նկատենք‚ որ մեր հասարակության մի մասի բանականությունը բնավ էլ ուժեղ կողմը չէ։ Պրակտիկան ցույց է տալիս‚ որ շոկային իրադարձությունները՝ իշխանության դավաճանությունը կամ կապիտուլյացիայի ստորագրումը‚ մի մասին գոնե հավասարակշռության բերում է։ Հույս ունենանք‚ որ ժամանակի ընթացքում կյանքը կստիպի գոնե‚ որ մարդկանց մեջ սկսեն աշխատել ինքնապաշտպանական բնազդները։
Իշխանություններն այս օրերին ևս մեկ հակափաստարկ մտցրին. իբրև թե ընդունված փաստաթղթի վրա ներազդելու մեխանիզմ չկա‚ և իշխանությունը փոխվի թե ոչ‚ միևնույն է‚ ոչինչ չի վերանայվելու։ ՀՀ ղեկավարությունն իր անուղեղ զանգվածի վրա աշխատում է՝ համոզելով‚ թե ով էլ լիներ‚ այսպես էր անելու։ Երբ չես կարողանում ցույց տալ քո առավելությունները‚ մնում է ասել‚ թե բոլորն էլ նույնն են։ Եթե չես կարողանում լավ գործ անել‚ ապա քեզ մնում է միայն բացասականը բոլորին վերագրել։
Այնուամենայնիվ‚ ի՞նչ հաշվարկ է կատարում ընդդիմությունը։ Հասկանալի է՝ այդ փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի և Թուրքիայի տված երաշխիքների ներքո‚ փաստաթուղթն արդեն գործի է դրվել‚ խաղաղապահները մուտք են գործել Արցախ։ Եվ շատ պարզունակ կլիներ կարծել‚ թե իշխանափոխությամբ կարելի է կանգնեցնել փաստաթղթի աշխատանքը‚ մանավանդ որ կանգնեցնելու պարագայում էլ և՛ Փաշինյանը‚ և՛ նրա արցախյան ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը խոստովանում էին‚ թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունենալու մասին խոսակցությունները խիստ չափազանցված են եղել։ Եթե նույնիսկ համարենք‚ թե Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշն է իշխանության ղեկին‚ անմիջապես անհնար է խոսել պատերազմի հաջող ելքի մասին։
Ըստ էության‚ ընդդիմությունն այսօր շարժվում է «նոր բանակցող՝ նոր պայմաններ» բանաձևով։ Ըստ այդմ‚ նոր բանակցող՝ նոր իշխանություն է ի հայտ գալիս‚ որը հայտարարում է‚ թե որևէ առնչություն չունի նախկինի ստանձնած պարտավորության հետ‚ և քանի որ հասարակությունից ծածուկ է ամեն ինչ արվել‚ մարդիկ ընդվզում են‚ տասնյակ հազարներով փողոց են դուրս գալիս‚ ժողովուրդը պահանջում է‚ որ փաստաթուղթը գոնե մասամբ վերանայվի։ Սակայն այստեղ կա մեկ բայց. շատ կարևոր է‚ որ Նիկոլ Փաշինյանն առանց որևէ ճնշման‚ ինքնուրույն հրաժարական տա‚ ինչը նա չի անում։ Կապիտուլյացիայի շոկից մեկ-երկու օր անց գոնե հույս կար‚ որ վարչապետի մեջ ի հայտ կգան թե՛ մարդկային որոշակի զգացումներ‚ թե՛ հայրենասիրական դրսևորումներ‚ թե՛ պետական մտածելակերպ։ Փաշինյանը‚ հայտարարելով՝ ես այսքանը կարողացա անել‚ բայց քանի որ դա հասարակության համար անընդունելի է‚ և կան քաղաքական ուժեր‚ որոնք կարող են փորձել շտկել իրավիճակը‚ ապա ինքնակամ հրաժարական եմ տալիս‚ որպեսզի իշխանության եկող քաղաքական ուժերի ձեռքերն ազատ լինեն։ Այս պարագայում նոր իշխանությունը‚ որը, ըստ պլանի‚ պետք է լիներ պետական պահպանության կոմիտեն՝ մեծ լիազորություններով‚ սկսում է բանակցությունները։ Թե որքանով դա կստացվի‚ այլ խնդիր է‚ և պայմանավորված է նրանով‚ թե այդ նոր մարդիկ որքանով ընդունելի կլինեն միջնորդներից մեկի՝ Ռուսաստանի համար։ Դիտարկելով այսօր հարթակում եղած մարդկանց՝ կարելի է տեսնել‚ որ այնտեղ կան մարդիկ‚ որոնց հետ ՌԴ-ն խնդիրներ չունի։
Սա ամենակարճ և լավագույն սցենարն էր‚ որ կարող էր տեղի ունենալ։ Սակայն Նիկոլ Փաշինյանի դեպքում ամենավատ կանխատեսումներն իրականացան. վարչապետը‚ խայտառակելով երկիրը‚ պատմության մեջ մտնելով որպես հող հանձնող ղեկավար‚ նույնիսկ այս պարագայում մտադիր չէ լքելու աթոռը‚ մինչև վերջին պահն էլ դիմադրում է ձերբակալություններով‚ սադրանքներով‚ անգամ վրեժի գործողություններ‚ երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելով։ Ընդդիմությունն այստեղ փորձեց օգտագործել մյուս գործիքը՝ այս ամենին պետք է աջակցություն տար ուժայիններից մեկը‚ իր ընդվզումը ցույց տար վարչապետի նկատմամբ։ Եվ արդեն 1,5 ամիս խոսվում է գլխավոր շտաբի մասին‚ սակայն գոնե մինչ այժմ պաշտոնական զինվորականները լոյալություն են ցուցաբերում կապիտուլյացիան ստորագրած գերագույն հրամանատարի նկատմամբ։ Այսպիսով՝ զինված ուժերի գլխավոր շտաբը կիսում է կապիտուլյացիայի և պատերազմում պարտության պատասխանատվությունը։ Որոշ պաշտոնյաների ելույթներ վկայում են‚ որ ըստ էության բանակն էլ առանձնապես լուրջ պատրաստ չէր 5-րդ սերնդի պատերազմին՝ կա՛մ զենք‚ մոբիլիզացիոն ռեսուրս չունեին‚ կա՛մ մարտական ոգին բարձր չէր‚ կա՛մ աշխարհազորայինները‚ կամավորականներն էին փախչում ծառայությունից։ Եվ հայկական բանակի մասին լեգենդը հօդս ցնդեց այն մարդկանց պատճառով‚ որոնք դա ուռճացնում էին՝ ՀՀ և Արցախի պաշտոնյաները։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը‚ Արայիկ Հարությունյանը‚ ՊՆ-ն և Գլխավոր շտաբը պատասխանատվության առումով նույն նավակում են։ Դա առանձնապես մեծ գաղտնիք էլ չէր‚ քանի որ պատերազմը ցույց տվեց‚ որ բանակը քիչ թե շատ երկարատև պայքարի պատրաստ չի եղել։ Այն‚ որ բանակի ռազմավարության մեջ անտեսվել է անօդաչու թռչող սարքերի նշանակությունը‚ վկայում է ռազմավարական մտածողության որակը։ ՈՒ պարզ չէ‚ թե ինչ պատերազմի էր պատրաստվում ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական վերնախավը։ Այս պարագայում զարմանալի չէ‚ որ այս երկու կողմերը փորձում են միմյանց փրկել։
Եվ ընդդիմությանը մնում է միայն ժողովրդական զանգվածների ճնշման գործիքը։ Այստեղ մեծ դեր կարող է խաղալ արտաքին քաղաքական ուժերի գործոնը։ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց‚ հողերը հանձնելուց‚ պատասխանատվությունը ստանձնելուց և աշխարհաքաղաքական կենտրոնների համար մեծ գործ անելուց հետո այլևս ոչ մեկին պետք չէ։ Նա այլևս որևէ արժեք չի ներկայացնում։ Ինչպես սոցցանցերում էին գրում՝ Մավրն իր գործն արել է‚ Մավրը կարող է հեռանալ։ Փաշինյանը նույնիսկ պատերազմի ժամանակ արժեք ուներ‚ քանի որ նա ոչ միայն համաձայնել էր 7 շրջանները հանձնելուն‚ այլև ինչպես ինքն էր ասել‚ ցավոտ փոխզիջման՝ Շուշին թշնամուն տալուն։ Փաստաթուղթը ստորագրելուց հետո ՀՀ վարչապետը‚ որպես օգտագործված գործիք‚ անպիտան է‚ նրա համար այլևս ոչ ոք չի պայքարելու։ Նրան նույնիսկ երկրի ներսում աջակցություն չկա‚ բացի բավականին նոսրացած զոմբիներից։
Այսպիսով՝ այսօր ոչ աշխարհաքաղաքական ռեսուրս կա‚ որին անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանը‚ ոչ էլ ներքին քաղաքական ուժեր‚ որ ձգտեն նրան պահել։ Նա այժմ հույսեր ունի‚ որ ուժայինները դեռևս իր հրամանները կկատարեն‚ դա էլ պայմանավորված է նրանով‚ թե ինչ զանգվածներ փողոցում կլինեն։ Նույնիսկ շատ ամուր իշխանության պայմաններում‚ եթե հարյուրհազարավոր մարդիկ են դուրս գալիս‚ ուժայինները բավականին արագ թեքվում են դեպի կշեռքի ծանր նժարը։
1990-ականների վերջին մոտավորապես այսպիսի իրավիճակ էր‚ սակայն պարտվողական կոնցեպտ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը մերժվեց այն ժամանակվա ուժայինների‚ քաղաքական ուժերի կողմից։ ՀՀ առաջին նախագահը‚ առանց որևէ դիմադրության‚ լքեց աթոռը։ Տրամաբանական կլիներ‚ եթե Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ կերպ վարվեր‚ սակայն նա‚ փաստորեն‚ գնում է առճակատման՝ էլ ավելի լարելով իրավիճակը երկրում և բարդացնելով իր ապագա կենսագրությունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում