«Սկսել է իր «կատարումը», հետո մերկացել…». Էստոնիայից ժամանած «երաժիշտը» «անպարկեշտ առաջարկություն» անելու համար հարձակման է ենթարկվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ1in.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Վարդան Մ.-ի գործի դատական քննությունը:
Վարդան Մ.-ն մեղադրվում է որպես զենք կիրառված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ամբաստանյալը ավազակային հարձակման մեղադրանքը չի ընդունում: Ի նշան բողոքի՝ նա նույնիսկ հացադուլ էր հայտարարել:
Ըստ երևույթին՝ հացադուլի հետ էր կապված, որ այս նիստից առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն էր հրավիրվել, ու Վարդան Մ.-ին բուժօգնություն էր ցուցաբերվել:
Դատական նիստի ժամանակ, երբ դատարանը հետազոտում էր գործում առկա փաստաթղթերը, նախագահողը նկատեց, որ ամբաստանյալը… տեղում նստած՝ քուն է մտել: Նրան արթնացրին, բայց նիստը հետաձգվեց, քանի որ, հավանաբար՝ դեղերի ազդեցության տակ լինելով, ամբաստանյալն ի վիճակի չէր լիարժեք մասնակցել նիստին:
Ամբաստանյալ Վարդան Մ.-ի շահերը պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էմին Բեգլարյանը:
Գործով տուժող Վարուժան Գ.-ն ազգությամբ հայ է, բնակվում է Էստոնիայում: Ներկայումս նա Հայաստանում չէ, դատարանում, հավանաբար, կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները:
Ըստ պաշտպանի՝ տուժողը տվել է հակասական ցուցմունքներ, իսկ իր պաշտպանյալը ժխտում է տուժողի նկատմամբ ավազակային հարձակում կատարելը, նրանից որևէ բան հափշտակելը:
2015 թվականի դեկտեմբերի 22-ին Վարդանն իր ընկերոջ հետ գտնվել է Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի է ունեցել տոնածառի լույսերը միացնելու տոնահանդես:
Ժամը 23-ի սահմաններում Վարդանին ու նրա ընկերոջը մոտեցել է մի անծանոթ՝ նույն ինքը՝ Վարուժան Գ.-ն, ու խնդրել է, որ տղաներն իրենց հեռախոսով լուսանկարեն իրեն:
Տղաները չեն լուսանկարել, բայց Վարուժանը շարունակել է շփվել նրանց հետ:
Երբ Վարդանի ընկերը գնացել է, Վարուժանը Վարդանին առաջարկել է իր վարձակալած բնակարանում սուրճ խմել: Նա ներկայացել է որպես ջազ երաժիշտ, ասել է, թե ինքը երաժշտություն է գրում ու կատարում:
Վարդանը գնացել է Վարուժանի վարձակալած բնակարան, որը Կողբացու փողոցում էր:
Վարուժանն առաջարկել է Վարդանի համար կատարել իր ջազային ստեղծագործությունները: Նա հանգցրել է բնակարանի լույսերը, անջատել է հեռուստացույցը: Բայց երբ սկսել է իր «կատարումը», Վարդանը տեսել է, որ նա… մերկ է…
Եվ տեղնուտեղը Վարուժանն առաջարկել է, որ Վարդանն այդ գիշեր մնա իր բնակարանում:
Վրդովված Վարդանը նախ խնդրել է, որ Վարուժանը գոնե հեռուստացույցը միացնի, որպեսզի լույս լինի, ապա, երբ Վարուժանը միացրել է հեռուստացույցը, նա ձեռքի տակ ընկած կոնյակի շշով հարվածել է Վարուժանի գլխին ու բնակարանից հեռացել է առանց որևէ բան վերցնելու: Սա Վարդանի վարկածն է:
Իսկ Վարուժանը ոստիկանություն է ահազանգել ու հայտնել է, որ անծանոթ երիտասարդը իր գլխին հարվածել է կոնյակի շշով, հետո ձեռքով ու ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իր դեմքին ու ձախ ձեռքին, ապա փախել է՝ տանից հափշտակելով իր պայուսակը, որի մեջ եղել են 40 եվրո, իր դեղերն ու Էստոնիայի բնակարանի բանալիները: Տուժողի վարկածը դրված է մեղադրանքի հիմքում:
Տուժողի հեռախոսի վերծանումներով՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել է մի երիտասարդ, ով հայտնել է, որ Էրեբունի թանգարանի մոտակայքում իրեն անծանոթ Վարուժանը մոտեցել ու առաջարկել է իր բնակարան գնալ, հանդիպումներ ունենալ, ինքը, հասկանալով նրա միտքը, նրան մերժել է…
Վարդան Մ.-ն պնդել է, թե Վարուժանի պայուսակը հափշտակելու միտք ունենալու դեպքում այն կարող էր հափշտակել փողոցում կամ շքամուտքում՝ առանց նրա տուն մտնելու, քանի որ ինքը լավ հասկանում է կողոպուտի ու ավազակային հարձակման տարբերությունները, բայց ինքը նրա պայուսակը հափշտակելու դիտավորություն չի ունեցել, նրա տանից ոչինչ չի հափշտակել…
Առաջիկա նիստում տուժողի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատարանը կլսի ամբաստանյալի ցուցմունքը: