ՀՀ-ում նախընտրական շրջան է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր Հայաստանում փաստացի թեժ քաղաքական իրավիճակ է, ըստ էության, կարող ենք ասել՝ նախընտրական շրջան: Այդ շրջանն առանձնանում է նրանով, որ արտահերթ ընտրությունը թվում է անխուսափելի, սակայն պարզ չէ, թե երբ տեղի կունենա այդ անխուսափելին: Արտահերթ ընտրության անխուսափելիության մասին, ըստ էության, հայտարարել է նաև հանրապետության նախագահը, որը հանրությանը և հայ ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել էր, որ դա է ներքին իրավիճակի լիցքաթափման և Հայաստանը կայունության ծիրում պահելու գրավականը: Եթե հանրապետության նախագահը խոսում է այդ մասին, ապա կնշանակի, որ իրադարձությունների և իրողությունների քաղաքական տրամաբանությունը մտել է այդ առումով վճռորոշ փուլ: Մյուս կողմից՝ նախընտրական այս շրջանն ունի մի քանի այլ առանձնահատկություններ, որոնք բոլորովին երկրորդական չեն: Ըստ էության՝ Հայաստանում առավել քան երբևէ բարձր է արտաքին, մասնավորապես ռուսական ազդեցության հանգամանքը: Այստեղ չկա որևէ խորհրդապահական կամ իռացիոնալ, զգայական արձանագրում:
Ի վերջո, Հայաստանում ներքաղաքական թեժ իրավիճակի հիմքում պարտված պատերազմն է, որի աղետալի վերջնարդյունքը կանխվել է Ռուսաստանի հովանու ներքո ձեռք բերված հայտնի եռակողմ համաձայնությամբ: Այդ համաձայնությունն իր հերթին ունի ոչ միայն ներհայկական, այլև ռեգիոնալ և աշխարհաքաղաքական էական նշանակություն, և ինչպես միանգամայն տրամաբանական, այդպես էլ կասկածից վեր է, որ համաձայնության մոդերատոր և հովանի Ռուսաստանը օգտագործելու է իր լծակները համաձայնագրով իր առաջ դրված խնդիրները լուծելու և իրագործելու համար: Ընդ որում, Ռուսաստանն այդ լծակները կփորձի օգտագործել բոլոր, ոչ միայն Հայաստանի ուղղությամբ իր նախաձեռնության հնարավոր անցանկալի շեղումները կանխելու համար: Թե հատկապես ինչն է լինելու տեսանելի ապագայում ՌԴ համար ցանկալի և անցանկալի շեղում, դա այլ խոսակցության առարկա է: Բայց, ընդ որում, այստեղ պետք է նկատի առնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները նաև ցանկալի շեղումներ ապահովելու համար: Եվ կանի դրանք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ արտաքին որևէ այլ կենտրոնի պարագայում:
Այդպիսով, Հայաստանի ներկայիս դե ֆակտո նախընտրական շրջանում բարձր, աննախադեպ բարձր է ռուսական ազդեցության կամ ներգործության աստիճանը: Մյուս առանձնահատուկ հանգամանքն այն է, որ նախընտրական պայքար է, սակայն՝ չձևավորված քաղաքական դաշտի և ուժերի չբալանսավորված, չկազմավորված հարաբերակցության պայմաններում: Կա 17 կուսակցությունների կամ 16-ի ձևաչափը (թիվը մեկով ավելի կամ պակաս՝ կարծես թե էական չէ): Այդ ձևաչափում են ուժեր, որոնք խոշոր հաշվով ունեն ընդհանուր շահեր, սակայն նաև բավական տարամետ հարցեր: Չթվարկենք դրանք, այդ ամենը տարբեր փուլերում եղել է ակնառու՝ թե ընդհանուր շահերի, թե հակասությունների իմաստով: Ընդ որում, այս բազմակուսակցական ձևաչափը դեռ չի որոշակիացրել, թե ինչպես է պատկերացնում քաղաքական որևէ պատասխանատվության ստանձնում, այդ թվում նաև հնարավոր ընտրության դեպքում որևէ ձևաչափ: Զուգահեռ կան առանձին տարբեր քաղաքական ուժեր, որոնք նույնպես դեռևս չունեն ամբողջական կամ լիարժեք դիրքավորում: Կա նաև իշխող քաղաքական ուժը, որի պարագայում էլ, սակայն, պատկերը ամբողջական չէ, և պարզ չէ, թե ինչ տեսք կունենա այդ ուժը քաղաքական զարգացումների և մասնավորապես ընտրական իրողությունների պարագայում:
Այսպիսով, կա ակնհայտ նախընտրական տրամաբանությամբ ներքաղաքական կյանք, սակայն չկա այդ կյանքում ուժերի հարաբերակցության ոչ մի որոշակիություն, առավել ևս՝ հանրային հետպատերազմյա տրամադրությունները խորապես արտահայտող: Եվ սա իր հերթին վտանգավոր վիճակ է, որովհետև քաղաքական դաշտը պետք է արտահայտի հանրային տրամադրությունները: Եթե դա տեղի չի ունենում, ապա պատմականորեն վճռորոշ ժամանակահատվածներում առավել ևս առաջանում են լուրջ ճեղքեր ու վակուում, այսպես ասած՝ ներքաղաքական կամ քաղաքական «սև խոռոչներ»: Ընդ որում, դա թե՛ հանրության, թե՛ քաղաքական անխտիր բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որովհետև անկանխատեսելիությունը նաև այն է, որ պարզ չէ, թե որ դեպքում ինչ ուժ կհայտնվի այդ սև խոռոչներից մեկում:
Անդրանիկ Կիրակոսյան