Արմավիրում 41-ամյա «ամաչկոտ» տաքսիստը առևանգել է ուղևորուհուն՝ սպառնալով, որ կհրկիզի մեքենան ու վերջ կդնի իրենց կյանքին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ1in.am-ը գրում է.
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արման Գրիգորյանի գործի դատական քննությունը:
41-ամյա Արմանը երկրորդ անգամ էր մեղադրվում առևանգման համար: Առաջին անգամ 2013 թվականի դեկտեմբերին էր նա դատապարտվել այդ արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:
Արմանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման ու ազատվել էր 2015 թվականի ապրիլի 15-ին՝ պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 1 տարի 6 ամիս 19 օրը չկրած:
Եվ ամիսներ անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, դարձյալ քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ՝ առևանգման մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:
Արմանը, կարելի է ասել, «մասնագիտացել է» աղջիկ առևանգելու «գծով»:
Դատական ակտում Արմանի վերաբերյալ արձանագրված է հետևյալը. Արմավիրի մարզի բնակիչ Արման Գրիգորյանը «կյանքի ընթացքում ունեցել է բարդույթներ, որոնք արտահայտվել են հակառակ սեռի հետ շփման մեջ»:
Առևանգման համար առաջին դատապարտումից հետո ազատ արձակվելով՝ Արմանը մարզի գյուղերից մեկում զբաղվել է հողագործությամբ, երբեմն էլ իր կողմից վարած մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցել:
Հողագործական աշխատանքների ժամանակ Արմանը նկատել ու սիրահարվել է նույն գյուղի բնակիչ Նոնային (անունը փոխված է): Արմանը սկսել է հետևել Նոնային, պարզել է, որ նա աշխատում է բանկում: Որոշել է Նոնայի հետ ծանոթանալ՝ ներկայանալով որպես տաքսու վարորդ ու ծառայություններ մատուցելով որպես տաքսիստ:
2015 թվականի ամռանը Արմանը մեքենայով գնացել է Նոնայի գյուղ և սպասել է նրան: Երբ Նոնան տնից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու, Արմանը տաքսին մոտեցրել ու առաջարկել է իր ծառայությունը: Նոնան համաձայնել ու մեքենա է նստել:
Դրանից հետո մոտ չորս-հինգ անգամ Արմանը որոշակի վճարի դիմաց Նոնային գյուղից տեղափոխել է աշխատավայր:
Չնայած թափած ջանքերին՝ Արմանը այդ երթևեկությունների ժամանակ չի կարողացել Նոնայի հետ մտերմություն հաստատել: Նոնան «տոն չի տվել» տաքսիստի ջանքերին և «ուղևոր-վարորդ» հարաբերությունների սահմաններից դուրս չի եկել:
Արմանը, տեսնելով, որ աղջիկը մտերմություն անելու ցանկություն չի դրսևորում, որոշել է… առևանգել նրան:
2015 թվականի սեպտեմբերի 5-ին, իմանալով Նոնայի՝ աշխատանքի գնալու ժամանակը, Արմանը մեքենան կայանել է գյուղի կանգառում և նորից առաջարկել է իր ծառայությունը: Նոնան, ոչինչ չկասկածելով, նստել է մեքենայի հետևի նստատեղին:
Արմանը շեղվել, ընթացել է այլ ճանապարհով: Նոնան անմիջապես պահանջել է կանգնել:
Արմանը փակել է մեքենայի դռները: Ապա Նոնային սպառնացել է այրել մեքենան, եթե նա չհամաձայնի իր առաջարկին:
Դրանից հետո Արմանը, նախապես իր հետ վերցրած, գործով չպարզված ծխարձակող նյութերն օգտագործելով՝ փորձել է վախեցնել ու ճնշել Նոնայի կամքը՝ տպավորություն ստեղծելով, թե այրում է մեքենան ու վերջ է դնում իրենց կյանքին:
Աղջիկը, հասկանալով, որ նման պայմաններում Արմանին դիմադրել չի կարող, գործել է խորամանկությամբ. նա Արմանին է տվել իր հեռախոսահամարը, համաձայնել է շփվել նրա հետ: Միայն դրանից հետո Արմանը մեքենայի ընթացքը փոխել է, ապա պատահական տաքսի է կանգնեցրել ու, վստահելով Նոնայի խոստումներին, նրան ճանապարհել է տուն: Սակայն աղջիկը, ազատության մեջ հայտնվելով, դիմել է ոստիկանություն…
Առաջադրված մեղադրանքում Արման Գրիգորյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ կյանքի ընթացքում համոզվել է, որ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման մեջ հաջողություն չի ունենում, չի կարողանում նորմալ «շփում հաստատել, քանի որ… ամաչկոտ է: Բայց ինքը միշտ երազել է, որ կողքին սիրած անձնավորություն ունենա…»:
Ահա այդ պատճառով էլ առաջին անգամ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին առևանգել է հավանած աղջկան, բայց աղջիկը չի համաձայնել իր հետ լինելու առաջարկին, ինքը դատվել ու դատապարտվել է առևանգման համար:
Երկրորդ առևանգման մանրամասները Արմանը չի ցանկացել ներկայացնել՝ ասելով, թե իր համար տհաճ է հիշել այդ դեպքը:
Արմանի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Արմանը զղջացել է կատարածի համար, ընդունել է մեղքը, նրա խնամքին են վատառողջ մայրը, չաշխատող հայրն ու քույրը: Ինքը՝ Արմանը, ֆիզիկապես վատառողջ է, մի շարք հիվանդություններ ունի:
Ընդհանուր իրավասության դատարանը Արման Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի 3 ամիս ազատազրկման, դրան մասնակիորեն գումարել է նախորդ պատժի չկրած մասից ու վերջնական պատիժ է սահմանել 4 տարի ազատազրկումը:
Պատժի կրման ընթացքում Արման Գրիգորյանի նկատմամբ սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:
Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 14-ից:
Դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել: