Ինչո՞ւ է «ժամանակի վրա խաղում» Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արդեն տասն օր է, ինչ հանրության գերակշիռ մեծամասնությունն ակնկալում և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն նա մնում է անդրդվելի, այդ թվում՝ բիրտ ուժ կիրառելով իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Այս թեմայով կարծիքները տարբեր են՝ սկսյալ նրանից, որ փորձում է անվտանգության երաշխիքներ ապահովել իր համար, մինչև այն, որ պարզապես ստորագրված հայտարարությունը մինչև վերջ հասցնելու խնդիր կա: Մասնավորաբար քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Փաշինյանը, կարծում եմ, երկու նպատակ ունի: Ամեն գնով պահպանել իշխանությունը ու այդ իշխանությունը պահպանելով՝ նաև մաքրել հանցագործությունները, որովհետև եթե իշխանությունից հրաժարվի, շատ մեծ խնդիրներ կունենա»: Միևնույն ժամանակ կան նաև կուլիսային այլ խոսակցություններ այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը «ժամանակի վրա խաղում»:
Ըստ մեր աղբյուրների, նա ևս գիտակցում է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններն անխուսափելի են, սակայն չի ցանկանում, որ դրանք անցկացվեն ուրիշ վարչապետի օրոք, քանզի այդ պարագայում կանցկացվեն արդար ընտրություններ, և իր քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, չի հաղթահարի նույնիսկ 5 տոկոսի շեմը: Այդ իսկ պատճառով էլ նրան պետք է իր իսկ նշած վեց ամիսը, որպեսզի հասցնի իրավապահ համակարգի ձեռքով «լուծել» ընդդիմության հարցերը, ինֆորմացիոն հոսքերով հնարավորինս «մաքրել» խարանը իր վրայից, ամրապնդել իր դիրքերը պետական բոլոր կառույցներում, ապա ապահովել արտահերթ ընտրություններ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում