«Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել եւ ընկերների հետ կռվել. վերջին կետը եղել է Շուշին». Մարիամ Ալեքսանյանի գրառումը եղբոր մասին
ՖՈՏՈԴերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել ժամկետային զինծառայող եղբոր` Ալբերտի մասին, որը պատերազմի օրերին առաջնագծում է եղել։
«44 օր շարունակ մեզ ասում էր` «Սաղ լավա», «մամ ջան, ըտեղ իմ պահով ինչ խոսան հանկարծ չհավատաս», «ես լավ տեղ եմ», «սուպ ենք սարքում, հետո կխոսանք», «քնում եմ կխոսանք» ու էլի նմանատիպ խոսքեր: Ճիշտ է արել։
Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել (էս ել իրենից չենք իմացել) եւ ընկերների հետ միասին կռվել: Վերջին կետը եղել է Շուշին: Իր տանկին անվանում է «գոլդ 888»: Ու ծանր է տանում, որ «սիրելի երկաթը» չկա: Պայթեցրել են Ջաբրայիլում:
Աբուլ, սիրում եմ քեզ շատ: Շնորհակալ եմ, որ հենց իմ եղբայրն ես: Խոնարհումս բոլոր մեր զոհված եւ ողջ մնացած տղերքին։ Շնորհակալ ենք Ձեզ, ձեր մայրերին: Ես ասել եմ ու կասեմ՝ Իմ զոհված տղերքի համար դուք, այ մեղավորներ, պատասխան եք տալու: Երազանքս է, որ բոլորը տուն գան: Մեր գերի տղերքը այնքան ուժ ունենան, որ կարողան իրենց կյանքի համար պայքարեն։ Գան, որ գրկենք ու բաց չթողնենք:
Իմ քաջ տղերք, դուք դեռ շատ անելիքներ ունեք: Դուք պետք է ուժեղ որդիներ դաստիարակեք:
Մենք ձեզ հետ ենք: Մենք ձեզ շնորհակալ ենք անսահման: Հպարտ եմ, որ հայ եմ, ու հայ ես: Մենք էլ այստեղ հնարավորն ու անհնարինը կանենք Ձեզ օգնելու, վիրավոր տղերքին թեւ ու թիկունք լինելու համար: Շնորհակալ եմ»,- գրել է Մարիամը։