Հայաստանում բենզինը թանկացել է. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանում բենզինի գինը բարձրացել է. արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով: Ըստ տնտեսվարողների՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ ուսումնասիրություն են անում, արդյունքների մասին կտեղեկացնեն: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ:
Բելառոաում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 357 դրամ, Ռուսաստանում՝ 1 մոտ 320 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 225 դրամ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 204 դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել, համաձայնագիրն ուժի մեջ է: Նշենք, որ Ղազախստանի իշխանություններն այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա: Երբ հայտարարվեց Ղազախստանից բենզին ներկրելու մասին, հանրությունը հույս հայտնեց, որ բենզինի գինը զգալի կնվազի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հարցում դրական տեղաշարժ դեռ չկա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: