ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ոստիկանի մահվան մանրամասները. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել: Բանն այն է, որ մինչ օրս դեռևս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում է ստացել Յու. Տեփանոսյանը:
Հայտնի է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է նույն տարածքի տանիքից: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում:
Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին: Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները: Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից և նրանց հետ կապ ունեցողներից որևէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։