Պարտության ու կապիտուլյացիայի պարագայում ինչի՞ շուրջ պետք է կառուցվի մեր ապագայի տեսլականը․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմում կրած պարտությունից ու փաշինյանական կապիտուլ յացիայից հետո հասարակության մեջ այս օրերին իշխում են մի կողմից զայրույթը, իսկ մյուս կողմից էլ հիասթափությունը։ Ճիշտ է՝ տեղի ունեցածի շուրջ բազմաթիվ վերլուծություններ անելու և դասեր քաղելու անհրաժեշտություն կա, սակայն առավել քան կարևոր է այս շրջանակներում ուրվագծել, թե որն է լինելու մեր ապագայի տեսլականը։ Երկրորդ կարծիք չկա այն հարցում, որ այսպիսի ծանր իրավիճակից արագ դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ հզոր հայրենիք, սակայն հարց է, թե ինչ քայլերի հաջորդականության միջոցով կարելի է հասնել պետության հզորացմանը, երբ այդ նպատակին հասնելու ճանապարհին երկրի առաջ բացվում են նոր խնդիրներ և մարտահրավերներ։
Հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի հասարակության բարոյահոգեբանական վիճակը, որը բարելավելու համար նախ հանրությունը պետք է արագ դուրս գա սթրեսային և էմոցիոնալ վիճակից։ Իսկ դրան կարող են նպաստել երկրի կառավարման համակարգում և պետության կողմից տարվող քաղաքական ուղեգծում էական փոփոխությունները։ Պարզ է, որ իրենց փառամոլության, մակերեսայնության և դիլետանտիզմի (սրանք՝ մեղմ ասած) պատճառով երկիրը պարտության ու կապիտուլ յացիայի հասցրած իշխանությունները չեն կարող այդ առաքելությունը վերցնել իրենց ուսերին։ Եվ նրանց նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկումը իշխանափոխությունը դարձնում է ընդամենը ժամանակի խնդիր։
Ուստի նոր և կոմպետենտ իշխանություն ձևավորելու խնդիրն ավելի հրատապ է դառնում, որը պետք է կարողանա մեկ հարկի տակ հավաքել պրոֆեսիոնալների և ընդունակ գործիչների։ Նոր իշխանության առաջին քայլը պետք է լինի հանրությանը կոնսոլիդացնելը և համախմբելը։ Իսկ դա ենթադրում է, որ պետք է վերջ դրվի ներքին ատելության և թշնամանքի գեներացմանը և հասարակությանը սպիտակների ու սևերի բաժանելու քաղաքականությունը, որը Փաշինյանի քաղաքական անբովանդակ ուղեգծի անբաժանելի մասն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ առաջին պլանում դրվի համազգային օրակարգի հարցերի իրականացումը։ Հանրային-քաղաքական մթնոլորտում ներդաշնակության հաստատմանը զուգահեռ շատ կարևոր նշանակություն ունի նաև երկրի տնտեսության զարգացումը։
Հաշվի առնենք, որ տևական ռազմական գործողությունները և համավարակի առաջացրած ճնշումը շատ ծանր իրավիճակ են ստեղծել տնտեսության մեջ, և, ըստ տարբեր գնահատականների, այս տարի 7-12 տոկոս տնտեսական անկում է սպասվում։ Բնակչության սոցիալական դրության վատթարացումը կանխելու և տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար ոլորտի պատասխանատուների հիմնական քայլերը պետք է ուղղված լինեն տնտեսվարողների շահերի պաշտպանությանը, տեղական արտադրության և արտահանման խրախուսմանը։ Մյուս կարևոր խնդիրը պետք է լինի Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների և հատկապես ռազմարդյունաբերության զարգացումը։ Հայաստանը այլ ելք չունի, քան կտրուկ տեմպերով մեծացնել իր ռազմական ներուժը, որպեսզի կարողանա դիմագրավել հետագա անվտանգային մարտահրավերներին։
Ժամանակակից իրողությունների պարագայում ուղղակի անհրաժեշտություն է նորագույն սպառազինությունների տիրապետելը։ Անելիքները շատ են նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի խարխլված միջազգային հեղինակությունը։ Իսկ սա ենթադրում է Հայաստանը նախաձեռնողականություն պետք է դրսևորի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները նորոգելու ուղղությամբ։ Պետք է աշխատել նաև հարևան Իրանի, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Իսկ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկի պայմաններում հայկական կողմի կարևոր քայլերից պետք է լինի դիվանագիտական ճանապարհով քայլ առ քայլ հաջողությունների հասնելը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում