Ահա, թե ովքեր կազատվեն աշխատանքից. պարզաբանում է առողջապահության նախարարը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵթե նախարարության ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, նրան կկրճատենք։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն՝ անդրադառնալով կադրային կրճատումներին։
Նշենք, որ Լեւոն Ալթունյանի՝ առողջապահության նախարար նշանակվելուց հետո պարբերաբար են տեղեկություններ տարածվում, որ նախարարը որոշել է փոխել համակարգում մինչ օրս գործող մոտեցումները, բժիշկներին վերադարձնել մասնագիտական գործունեությանը, իսկ նրանց հաստիքները համալրել մենեջերներով ու ֆինանսիստներով։ Լեւոն Ալթունյանն անգամ հայտարարել էր, որ անառողջ է համարում, որ նախարարության 95 տոկոսը բժիշկներ են։ Ըստ նրա՝ հարկավոր են մենեջերներ, ֆինանսիստներ։ Մամուլում գրվել էր, որ այս պնդումներից հետո նախարարության աշխատակիցները տագնապում են, որ կադրային ջարդ է սկսելու նախարարը։
Լեւոն Ալթունյանն ասաց, որ ինքը նման մտահոգության մասին առաջին անգամ է լսում։ Իսկ կադրային կրճատումների վերաբերյալ իր մտադրությունների մասին կցկտուր տեղեկություններ հայտնեց։
«Դեռ չգիտեմ՝ ինչ է լինելու, ես հիմա էլ համարում եմ՝ անառողջ է, եթե ֆինանսիստ աշխատում է բժիշկը, եթե ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, նրան կկրճատենք, եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ, նա կմնա աշխատանքի։ Ամեն դեպքում, դրանք բժիշկներ են, ֆինանսիստներ, դերասաններ կամ ռեժիսորներ, լավ մասնագետը կաշխատի, մասնագետը, որը որ չի կատարում պարտականությունները պատշաճ ձեւով, դուրս է գալու աշխատանքից»,-ասաց նախարարը։
Նա դժվարացավ նշել, թե իր այդ մոտեցման տրամաբանությամբ աշխատակազմի քանի տոկոսին է կրճատելու։