Ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Մասնագետների գնահատմամբ, արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու, իսկ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: «Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: Վերջին մեկ ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատելի է նաև անզեն աչքով: Ավելին, խորքային վերլուծություններ կան, որ եկող տարի թանկացումներն ավելի մեծ ծավալների են հասնելու, ինչը նշանակում է, որ կտրուկ ավելանալու է աղքատության ու ծայրահեղ աղքատության մակարդակը: Իսկ այս իշխանությունները պարզապես ունակ չեն նման հեռանկարի դեմն առնելու:
«Հիմա մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ գնաճը 1,6 տոկոս է, և որ այդ ցուցանիշը կառավարելի է: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլև ինքնին վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ: Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել, ավելին՝ այս իշխանությունների նախագծած 2021թ. բյուջեում էլ այս առումով ավելացում չկա», -ասաց Թ. Ավետիսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում