Հրամանատարն ԱԹՍ-ի ձայնը լսելուց հետո հրամայել էր նստել ավտոմեքենան, 18 զինծառայող էր զոհվել. նա կալանավորվել է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ2020թ. հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքենայից դուրս եկած եւ տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան եւ շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել են: Զորամասի հրամանատարը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
2020թ․ դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով զորակազմին։
Նա հայտնել է, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքենայից դուրս եկած եւ տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան եւ շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել են:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ ՀՀ զինվորական դատախազության միջոցով հաղորդումն անմիջապես ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննություն կատարելու համար, եւ դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։
Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին, եւ նրանից տեղեկանալով, որ երթը դադարեցվել, իսկ անձնակազմը ավտոմեքենայից դուրս է եկել օդում լսվող անօդաչու թռչող սարքի ձայնի պատճառով, անձամբ եւս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է ամեն դեպքում, անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ը ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։
Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը եւ զորամասի թվով 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։ Դրանից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է վերը նշված ավտոմեքենային, ինչի հետեւանքով առաջացած հրդեհից, բացի մեկ շարքային զինծառայողից, մնացած 18 զինծառայողները զոհվել են, իսկ նշված զինծառայողը, ինչպես նաեւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջեւից երթեւեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հ․ Օ․-ն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2020թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Նույն օրը միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է:
Ավելին՝ այստեղ