Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց եւ, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը տեւական ժամանակ ուզում էր ազատվել Աղաջանյանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանը։
Ինչ վերաբերում է Թորոսյանին պահելուն, որը հետպատերազմյան օրերին քննադատել է Փաշինյանին եւ առաջարկել՝ հեռանալ, պատմեցին, որ Փաշինյանն է ամեն գնով ցանկացել Թորոսյանին պահել իր կողքին՝ որպես ՀԱԿ-ի հետ կապող օղակ։ Այս օրերին, երբ համախոհների բանակը խիստ կրճատվել է, ձգտում է քիչ թե շատ վերականգնել ՀՀ առաջին նախագահի հետ հեռահար համագործակցությունը, եւ Թորոսյանին ակնարկել են կոմպրոմատների եւ առանց իշխանության ապրելու վտանգների մասին։ Իսկ Թորոսյանը մտավախություններ ունի, որ Փաշինյանի հրահանգով արած քայլերի արդյունքում մեծ թվով թշնամիներ է ձեռք բերել, օրինակ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրգործը, ուստի հանգիստ ապրել չի ստացվի, եւ ինքը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Թերեւս նաեւ սա է պատճառը, որ համաձայնել է պաշտոնին։