«Փաշինյանը բլեֆի միջոցով փորձում է ցույց տալ, թե չի վախենում ու վերահսկում է իրավիճակը»․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Այս պահի դրությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներքաղաքական դաշտում մի քանի հանգամանք է ֆիքսում: «Նախևառաջ, պետք է ֆիքսենք, որ իշխանության հրաժարականի պահանջն իր մեջ օր օրի ավելի մեծ զանգվածներ է ներառում, բայց այդ զանգվածները, Նիկոլի հրաժարականը պահանջելով հանդերձ, չեն կարողանում գտնել այն առաջնորդին, որը կարող է լավագույնս ներկայացնել հանրության լայն շերտերի շահն իշխանական միջանցքներում ու աշխատասենյակներում: Եվ, ըստ էության, տեսնում ենք, որ մերժելով մեկին՝ բավականին լուրջ է փոխարինողի խնդիրը: Բոլորը գալիս, ասում են՝ միանշանակ է, Նիկոլը դավաճան է, նա ծախել է Արցախը, մեր ազգային շահը, արժանապատվությունը և պետք է հեռանա:
Մյուս կողմից՝ փոխարինողի հարցն է մնում: Կարծում եմ՝ սա միակ պատճառն է, ըստ որի՝ մինչև այս պահը Ն. Փաշինյանը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նա չի կիսում այն պնդումը, թե իշխանություններն այս պայմաններում իրենց հանգիստ են զգում. «Երբ Ն. Փաշինյանը զրահաբաճկոնով գալիս է Ազգային ժողով, և նրա տեղից տեղ շարժվելը հնարավոր դարձնելու համար մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվում, ակնհայտ է դառնում, որ իշխանության մեջ շատ լուրջ վախեր կան: Ցավոք, այդ վախը քաղաքական ուժերից չէ, ոչ էլ հատկապես խորհրդարանական ուժերից: Իրենք լավ են հասկանում, որ այս իրավիճակում դավաճանություն իրականացնող կամ դրան նպաստած անձինք չեն կարող իրենց հանգիստ զգալ:
Իրենք գիտեն, որ արդեն ժամանակավոր են, և, ըստ էության, հիմա Նիկոլ Փաշինյանին ու իր ամբողջ իշխանական թիմին մի բան է հետաքրքրում. ինչպե՞ս ապահովագրվել հետագա պատժից: Ընդ որում, բոլոր տիպի պատիժներից են փորձում ապահովագրվել, այդ թվում՝ քրեական հետապնդումից: Այս հարցն է իշխանություններին ամենաշատը հուզում, որի մեջ են տեղավորվում անգամ Ն. Փաշինյանի լաչառ ու ագրեսիվ գնահատականները: Փաշինյանը բլեֆի միջոցով փորձում է ցույց տալ, որ չի վախենում ու վերահսկում է իրավիճակը: Բայց սա արվում է զուտ մեկ նպատակով՝ որ քաղաքական թիմը չլքի իրեն, հանկարծ չգնա այլ ուժերի հետ ինչ-որ բաներ պայմանավորվի, ինչն արդեն տեղի է ունենում»:
Քաղաքագետի դիտարկմամբ, ագրեսիվ խոսույթով Ն. Փաշինյանը պարզապես փորձում է վախեցնել իր թիմակիցներին, ցույց տալ, թե վերահսկում է իրավիճակը, որ իրենից չփախչեն. «Բայց սա էլ է լիմիտներ ունեցող գործելաոճ, և ակնհայտ է, որ Փաշինյանը դրա վրա ևս չի կարող հենվել: Ընդհանուր առմամբ, երկիրը բավականին լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ է, և այդ ճգնաժամը իր հետքը թողնում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա: Կա փոփոխության պահանջ, կա փնտրտուք: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ առաջին իսկ հարմար պահին, ինչն ամեն վայրկյանի կարող է ի հայտ գալ, Հայաստանում ժամերի ընթացքում ամեն ինչ փոխվելու է, որովհետև փաստացի իշխանություն գոյություն չունի: Իշխանությունը երկրի ներսում չի վերահսկում իրավիճակը: Էլ չեմ խոսում հասարակական տրամադրությունների մասին: Ինչպես տեսնում ենք, օրինակ՝ Սյունիքի մարզն իր կյանքով է ապրում: Նույնը նաև կարելի է շատ այլ ոլորտների մասին ասել»:
Իսկ թե որքանո՞վ է վտանգավոր ժամանակ կորցնելու շռայլությունը, քաղաքագետը նկատում է. «Վտանգները չափազանց շատ են, և ես լիովին կիսում եմ այն մտահոգությունը, որ ժամանակ չունենք: Մենք, այո, իսկապես ժամանակ չունենք: Ու, ցավոք, այդ ժամանակ չունենալը երկրի կործանմանն ու պետականության վերացմանն է բերում: Մենք բազում ոլորտներում արդեն տեսել ենք այն օրինակները, երբ պետությունը չի արձագանքում, չի կարողանում կատարել իր գործառույթները: Խոսքը նաև քաղաքացիների անվտանգությանն առնչվող գործառույթների մասին է: Ցավոք, չունենք այդ ժամանակը, բայց իրողությունն այնպիսին է, որ, ամեն դեպքում, հասարակությունը նույնիսկ այս հարցում լիարժեք կողմնորոշված չէ, չի գիտակցում սպառնալիքի մասշտաբները: Հաճախ անգամ հանրությունն ինքն է փախչում այդ սպառնալիքներից կամ դրանց արձագանքելու անհրաժեշտությունից:
Սա էլ իր պատճառներն ունի: Անցած տարիների ընթացքում, ցավոք, մենք բավականին լուրջ կորուստներ ենք ունեցել նաև արժեքային ու հոգեբանական տեսանկյունից: Այդ ամենը, փաստացի, իր անդրադարձն է ունենում նման զարգացումների վրա»: Անդրադառնալով ընդդիմության դերին ու վերջին երկու ամիսների մարտավարությանը՝ Հ. Մելիք-Շահնազարյանը շեշտեց. «Ընդդիմության գործողություններում կտրուկ քայլերի դիմելու վճռականությունն է պակասում: Ընդդիմությունն այսօր պարտավոր է ավելի խոր հասկանալ հանրային դժգոհությունների պատճառները, ինչպես նաև հանրային պահանջը և աշխատի այդ պահանջը բավարարելու և դժգոհությունները վերացնելու ուղղությամբ: Այսօր իրողությունների ճիշտ գնահատման խնդիր և, ըստ այդմ, քաղաքականություն կառուցելու անհրաժեշտություն կա:
Ինչքան էլ ցավալի լինի, ընդդիմությունը արդեն պետք է հասկանա, որ հանրությանը ոտքի հանելու համար միայն Արցախի խնդիրը բավարար չէ: Ցավոք, Արցախի հետ կապված այդ պաշտպանական ռեակցիան տարիներ շարունակ ոչնչացվել է հանրության շրջանում: Կարելի է ասել՝ արդյունքի են հասել: Որքան էլ այն հանրության մեծ հատվածներին անհանգստացնի, միևնույն է, դա հանրության բացարձակ մեծամասնությունը չէ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում