Ընդդիմության լիդերները և Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան:
Ըստ մեր տեղեկությունների՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, եւ ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլեւս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թեւում, ու պայքարը պետք է այլ ձեւաչափ տեղափոխել:
Բոլորը միմյանց մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ: Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում եւ Երեւանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում եւ մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է:
Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում: Այն, որ նշված միավորման քաղաքական լիդերներն արդեն իսկ մերժել են իրենց առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, դա ակնհայտ է, բայց չի բացառվում, որ Մանուկյանը եւս ներկա լինի լիդերների հավաքին՝ հետագա իր անելիքները հստակեցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ՝ պարզելու՝ կմասնակցի հավաքին Ռ. Քոչարյանը, թե ոչ, բայց չհաջողվեց որեւէ պատասխան ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում