Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքի 88-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Instagram-ի իր էջում:
Նա Լանովոյին անվանել է մեծ և համաժողովրդական արտիստ:
«Նրա խիզախ ու ազնվաբարո հերոսները միլիոնավոր հանդիսատեսի կուռքեր են դարձել։ Անհնար է մոռանալ կինոյում և թատրոնում նրա ստեղծած կերպարները... Ցավակցում եմ Վասիլի Սեմյոնովիչի հարազատներին ու մերձավորներին...»,- Instagram-ի իր էջում գրել Է Սոբյանինը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լանովոյի մահվան պատճառը COVID-19-ն է։
Հունվարի 2-ին հայտնի է դարձել, որ դերասանը վարակվել է կորոնավիրուսով։ Տարիքի պատճառով որոշվել է նրան հոսպիտալացնել։ Դերասանն այդ պահին լուրջ բողոքներ չի ունեցել,, բայց հունվարի 27-ի երեկոյան նրա վիճակը վատացել է։ Հունվարի 28-ին Լանովոյին ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Վասիլի Լանովոյը ծնվել է 1934 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, որոնց շարքում են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Գարնան տասնյոթ ակնթարթ» կինոնկարները։ 1957-ից հանդես է եկել Վախթանգովի անվան թատրոնում: