Երևանում աղմկահարույց սպանությունների փաստով ձերբակալվել է քրեական պատմություններով հարուստ Թոփալ Գեղամի 46-ամյա կինը, ով գեղեցկության սրահի տնօրենն է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Շիրակի 13 շենքի 42 բնակարանի բնակչուհի, 46-ամյա Անժելա Մանուչարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նույն փողոցի վրա գործող «Լիա» գեղեցկության սրահի տնօրենն է, ով քրեական պատմություններով հարուստ Չարբախցի Թոփալ Գեղամի կինն է։
Վերջինս ձերբակալվել է նոյեմբերի 13-ին իրենց պատկանող գեղեցկության սրահում 2 անձանց սպանության և 1 անձի հրազենային վնասվածք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը՝ մահացած 2-ը՝ վիրավոր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ստացել էր հրազենային վնասվածքներ։ Հիվանդանոց էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պատոնակատար Սամվել Ասատրյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Չիչոյանն ու դատախազի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում էին պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։
Ժամանել էին նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, թե նշված անձինք որտեղից են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ այդ պահին քննչական աշխատանքներ են կատարում քննիչները։ Նշված վայրը Չարբախ թաղամասում հայտնի «Լիա» գեղեցկության սրահն է։