Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալները սխալ են` Հայաստանն ունի՛ «Իսկանդեր» և «Բուկ». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է ռուսական «Новый оборонный заказ. Стратегии» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը
– Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ԶՀԱՎԿ) զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ТОС–1А «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Հնարավոր լարվածության դեպքում դրանց առկայությունը կարո՞ղ է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար:
– Սկսենք նրանից, որ Կենտրոնի զեկույցում նշված սպառազինությունների քանակն ու արժեքը, ամենայն հավանականությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Ընդհանրապես, ռազմական տեխնիկայի արտահանման վերաբերյալ տեղեկություններ տրամադրող ոչ մի կազմակերպություն, օրինակ, բրիտանական Military Balance–ը կամ շվեդական SIRPI–ն, երբեք համարժեք տեղեկատվություն չի ներկայացրել Անդրկովկասի երկրների, հատկապես` Հայաստանի վերաբերյալ: Նախկինում ԶՀԱՎԿ–ը բազմիցս ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել, օրինակ, С–300 զենիթահրթիռային համալիրների քանակի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է կոնկրետ իրավիճակին, առայժմ հասցրել են մատակարարել միայն այդ քանակությամբ, բայց ամենայն հավանականությամբ, «Սմերչը» կհասնի 12 միավորի, քանի որ մեկ դիվիզիոնի չափն այդքան է: Ինչ վերաբերում է «Սոլնցեպյոկներին», ապա դրանք մեծ քանակով ձեռք բերելն անիմաստ է, քանի որ այն բավականին սպեցիֆիկ և նեղ մասնագիտացված զենք է: Ինչ վերաբերում է արժեքին, որը ներկայացրել էր Կենտրոնը, ապա, թերևս, պարզապես վերցրել են արտահանման գինը, առանց որևէ արտոնություն հաշվի առնելու, և մեխանիկորեն բազմապատկել ներկայացվող քանակով:
Վերադառնալով Ադրբեջանին` նշենք, որ տարիների ընթացքում Բաքուն ձեռք է բերել ընդհանուր առմամբ 30 միավոր «Սմերչ» համակարգ և 18 միավոր «Սոլնցեպյոկ»: Անխոս, Հայաստանի Զինված ուժերում «Սմերչի» առկայությունը կզսպի Բաքվի` խոշոր բնակավայրերին հարվածելու մտադրությունը, քանի որ ակնհայտ է պատասխան հարվածի հնարավորությունը: Ընդ որում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դեմ պայքարի միակ միջոցը դրանք հակահարվածի միջոցով ոչնչացնելն է: Այսինքն, եթե հրթիռն արձակված է, վերջ` չես խփի: Ինչ վերաբերում է «Սոլնցեպյոկին», ապա դրա ռազմավարական նշանակությունը խիստ չափազանցված է: ТОС–1А–ի հարվածի հեռահարությունը ընդամենը 6 կմ է, ու չնայած դրա կործանիչ ուժին, այն կարելի է ոչնչացնել նույնիսկ ականանետային կրակի կամ հակատանկային հրթիռային համալիրների միջոցով:
– Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը չկարողացավ ճիշտ օգտագործել իր «Սմերչ» համակարգը: Հետագայում դա բացատրվեց մասնագետների ոչ կոմպետենտությամբ: Հայաստանն ունի՞ գիտակ մասնագետներ, ովքեր կկարողանան անհրաժեշտության դեպքում ճիշտ կիրառել այդ զենքը:
– Հայ մասնագետներն սկսել են սովորել օգտագործել այդ տեխնիկան դեռ շատ տարիներ առաջ, ուստի կադրերի պակաս լինել չի կարող: Ինչ վերաբերում է ադրբեջանական վրիպմանը, ապա կա նաև տեղեկատվություն, որ դա տեղի է ունեցել հետախուզության սխալի պատճառով: Այնտեղ, որտեղ, ըստ ադրբեջանական տվյալների, պետք է լինեին հայկական զորքերը, դրանք չեն եղել:
– Ինչո՞ւ է Հայաստանը որոշել ձեռք բերել «Тигр» զրահամեքենաներ և «Игла–С» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ: Դրանք ի՞նչ առավելություններ ունեն:
– Հայաստանն ունի բավականին մեծ թվով դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, այդ թվում` «Игла–С»: Այս զինատեսակն իսկական մղձավանջ է հակառակորդի ուղղաթիռների ու գրոհային օդուժի համար:
Օրինակ, Ուկրաինայում աշխարհազորայինները դրանց օգնությամբ խփել են մեծ թվով ավիացիոն տեխնիկա, արդյունքում` Ուկրաինայի օդուժին զրկելով ավիահարվածներ հասցնելու հնարավորությունից: Լեռնային և անտառածածկ տարածքում այդ համալիրների ուժը միայն բազմապատկվում է` դրանք հայտնաբերելը գրեթե անհնարին է: Այնպես որ, «Игла–С»–երը երբեք ավելորդ չեն լինում:
Ինչ վերաբերում է «Тигр» զրահամեքենաներին, ապա դրանց որոշակի քանակ ավելի վաղ ձեռք էր բերվել ինչպես բանակի, այնպես էլ ոստիկանության համար: УАЗ մակնիշի մեքենաների համեմատությամբ, դրանք ավելի անցողունակ են և պաշտպանված են 7,62 մմ կալիբրի հրաձգային զենքի հարվածներից: Դրանք կարելի է կիրառել հատուկ ստորաբաժանումների արագ տեղափոխության համար:
– Կենտրոնի զեկույցում չի նշվում այն մասին, որ Հայաստանը ձեռք է բերել «Իսկանդեր–Մ» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներ և «БУК» զենիթահրթիռային համալիրներ: Ինչո՞ւ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ տեխնիկան գտնվում է ռուսական ռազմաբազայի բալանսի վրա, և Հայաստանը դրանք չի կարող օգտագործել:
– Ինչպես արդեն նշել եմ, ԶՀԱՎԿ–ն և նման այլ կազմակերպություններ Անդրկովկասի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարում են չափազանց վատ:
Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսում ներկայացված ամբողջ սպառազինությունը գտնվում է հայկական բանակի կազմում և ղեկավարվում է նրա կողմից: Պարզապես նույն «Իսկանդերի» գործարքի տվյալները գաղտնի են, թեև հայտնի է, որ դրանց ձեռքբերումը չի առնչվում 200 մլն դոլարի արտոնյալ վարկի հետ: Բացի այդ, գործարքն ավելի վաղ է եղել` 2013–14 թվականներին:
Ընդհանրապես Հայաստանում շատերը չափազանց լուրջ են վերաբերվում ռուս փորձագետների հայտարարություններին, եթե անգամ փորձագետ բառը պետք է գրել չակերտով: Նրանց մեծ մասը Հայաստանի ԶՈՒ–ի մասին գիտեն մի փոքր ավելի, քան ոչինչն է:
– Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ միացյալ խմբավորման մասին համաձայնագրին: Ի՞նչ է ենթադրում համաձայնագիը: Այդ խմբավորումն ինչպե՞ս է գործելու:
– Այդ խմբավորման մեջ մտնելու է Անդրկովկասում ՌԴ 102–րդ ռազմաբազան և ՀՀ ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսը, ընդ որում, ուժերի հրամանատարությունն իրականացնելու է հայ գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը: Եթե թշնամին ներխուժի Հայաստանի տարածք, հրամանատարն իրավունք է ունենալու հրամաններ տալ ինչպես 102–րդ ռազմաբազայի, այնպես էլ հայկական զորամասերի զինվորականներին: Բնականաբար, Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ Ռուսաստանը ոչ մի հսկողություն չի ստանում, որքան էլ ոմանք դա ցանկանան այդպես ներկայացնել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: