Տեղի է ունեցել ֆրանսիացի հեղինակ Ռաֆֆի Շարտի «Կապի´ր ինձ ջեռուցման համակարգին» պիեսի հայկական բեմադրությունը
ՄՇԱԿՈՒՅԹՍտանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում փետրվարի 17-ին եւ 18-ին սիրային «խառնաշփոթ» էր. տեղի ունեցավ ֆրանսիացի հեղինակ Ռաֆֆի Շարտի «Կապի´ր ինձ ջեռուցման համակարգին» պիեսի հայկական բեմադրությունը՝ էլ ավելի ինտրիգային՝ «Կապի´ր ինձ մահճակալին» վերնագրի ներքո:
Ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ այն, ինչ գեղեցիկ է հնչում ֆրանսերնով, հայերենում փոքր-ինչ երկար էր հնչում, այդ պատճառով էլ, օգտագործելով թատրոնի՝ գեղարվեստական փոփոխությունների դիմելու հնարավորությունը, որոշել են ոչ միայն փոփոխել պիեսի վերնագիրը, այլեւ կատարել որոշակի կրճատումներ՝ գործողությունների ընթացքն ու կերպարների երկխոսություններն ավելի հետաքրքիր դարձնելով հայ հանդիսատեսի համար:
Ներկայացման հերոսները մեկը մյուսից տարբեր, բայց միեւնույն ժամանակ` վառ ու էմոցիոնալ անհատականություններ են: Նրանցից յուրաքանչյուրն իր ճակատագրական դերակատարումն է ունենում մյուսի կյանքում՝ իր գործողություններով արժանանալով հանդիսատեսի բուռն արձագանքին:
Հերոսներից մեկը փնտրում է սիրային ինտրիգներ՝ իր օրը հագեցնելով թեթեւաբարո կանանց հետ զվարճանքներով, մյուսը փորձում է ազատվել ալկոհոլային կախվածությունից եւ հայտնվում առաջինի ինտրիգների կիզակետում, ինչի արդյունքում տուժում է երրորդ հերոսը, եւ այսպես շարունակ...
«Այն, որ այս դաժան օրերին կարողանում ենք ծիծաղեցնել հանդիսատեսին, ես դրա համար ավելի ուրախ եմ, քան եթե դա անեինք սովորական օրերին. այս ծիծաղն ինձ համար ավելի արժեքավոր է»,-նշեց Կարո Բալյանը՝ հավելելով, որ երբեմն հանդիսատեսն անսպասելի էր արձգանքում.
«Լինում են բաներ, որոնց դեպքում չես սպասում, բայց մարդիկ ծիծաղում են, եւ լինում է նաեւ հակառակը: Դա էլ, իհարկե, կախված է դերասանի ներկայացնելուց: Ուրախ եմ, որ հաճախ էի լսում ծիծաղ»:
Ներկայացաման հերոսներին մարմնավորում են ճանաչված դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Լեւոն Հարությունյանը, Լիա Զախարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Սաթենիկ Հազարյանը եւ Արա Սարգսյանը:
Ռեժիսորի խոսքով՝ լավ ծանոթ լինելով տվյալ դերասանների խաղին՝ իր ընտրությունը կանգ է առել է հենց նրանց վրա:
«Բոլորին էլ գիտեմ մշակութային ոլորտից: Բոլորի հետ էլ աշխատել եմ, բոլորին գիտեմ՝ որպես դերասաններ, բայց երկար տեւեց, մինչեւ վերջնական հասկացա, թե ում եմ տեսնում պիեսի կերպարներում»:
Խոսելով ներկայացման «հայաֆիկացման» մասին՝ Կարո Բալյանը նշեց.
«Հայկական տարբերակում կան մի շարք կրճատումներ, որովհետեւ Ռաֆֆի Շարտը պիեսը ֆրանսիական նորմայի մեջ է գրել: Ընդհանուր առմամբ՝ ցանկացել ենք հասնել նրան, որ հանդիսատեսի համար այն ծիծաղելի լինի, ինչը կարծում եմ՝ հիմա շատ է պակասում բոլորիս»:
«Կապի´ր ինձ մահճակալին» պիեսի հայկական բեմադրությունը հնարավոր է եղել հայ-ֆրանսիական «Modd-Events» կազմակերպության ջանքերով: