Այս խելագար ընթացքը պե՞տք է կանգնեցվի, թե ոչ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ ուշ երեկոյան լուր տարածվեց, որ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Ավելի վաղ Yerevan.today կայքը հրապարակել էր Տիրան Խաչատրյանի հարցազրույցը, որում նշված էր, որ Խաչատրյանը երկար ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի մեկ կրակոցի 10 տոկոսով պայթելու և 80-ականների զենք լինելու մասին Նիկոլ Փաշինյանի ասածի վրա՝ հավելելով, որ դա լուրջ չէ: Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը: Այսինքն թվում էր, թե ՊՆ հաղորդագրությունը կփրկի իրավիճակը, բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը որոշում է այդուհանդերձ ազատել ԳՇ շտաբի պետի առաջին տեղակալին: Տեղեկացնենք, որ Տիրան Խաչատրյանը նախորդ տարի հունվարի 27-ին էր ստացել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ապա հունիսի 15-ին նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Տիրան Խաչատրյանը արժանացել է Ազգային հերոսի կոչման: Հիմա, ըստ էության ու կարճ:
«Իսկանդերային» սկանդալը նոր դրսևորումներ է ստանում ներհայաստանյան հարթակներում: Ամենևին չենք զարմանում Նիկոլ Փաշինյանի պահվածքից, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող, և այդ պաշտոնում մեր երկիրը ամեն օր հետևողականորեն հեղինակազրկող Նիկոլ Փաշինյանը մոլագարի սառնասրտությամբ հերթական կամայականությունն է անում՝ ցուցաբերելով անպատասխանատվության մաստեր կլաս։ Բոլորն արդեն նկատել են՝ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ վախեր, ավելին՝ վախից ծնվող ատելություն ունի բանակի, բանակի գեներալների և բարձրագույն զինվորականության հանդեպ: Ու չկասկածեք՝ ամեն մի հնարավորության դեպքում՝ նա նույնն է անելու ցանկացածի հետ: Բայց ես մի այլ բան եմ ուզում հարցնել: Ի՞նչ է մտածում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Այս խելագար ընթացքը պե՞տք է կանգնեցվի, թե ոչ: Պե՞տք է մեկն, ի վերջո, վարչապետի աթոռը օկուպացրած մարդուն բացատրի, որ սա պետություն է, ոչ թե իր անձնական օգտագործման էկզոտիկ կղզին:
Կարեն Դանիելյան