Արմեն Երիցյանը հանձնարարել է ստուգումներ իրականացնել բենզա-գազալցակայաններում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 12-ին Հերացու փողոցի 2/5 հասցեի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց ստուգումներ իրականացնել բենզա-գազալցակայաններում: Դրանք մեկնարկել էին երկուշաբթի օրվանից՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Ստուգումների ընթացքի հետ կապված «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԻՆ-ից հայտնեցին, որ երեկվա դրությամբ ստուգվել է 168 բենզալցակայան, կազմվել է 103 արձանագրություն հրդեհային անվտանգության, 3-ը՝ տեխնիկական անվտանգության խախտումների վերաբերյալ, այսինքն՝ փորձաքննություն չեն անցել, և 3 բենզալցակայան փակվել է: Նաև հայտնեցին, որ այս տարի գազալցակայաններում պայթյունի 3 դեպք է գրանցվել, որոնք կապված են եղել որևէ մարմնի կողմից չվերահսկվող մեքենաներում տեղադրվող գազի բալոնների հետ, մեկը՝ մահվան ելքով: