Վանաշենում մահացած 13-ամյա երեխան աշխատում էր եւ պահում հիվանդ մորն ու տատիկին. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Վանաշեն գյուղում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած 13-ամյա երեխայի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը, որի համագյուղացին է մահացած երեխան:
«Տատիկն ու մայրն առողջական խնդիրներ ունեն, կարելի է ասել՝ երեխան էր նրանց պահում, շատ աշխատասեր երեխա էր, խելոք, աշխույժ: Թե ինչ է տեղի ունեցել, մեզ համար էլ է անհասկանալի: Գիտենք, որ մոտը փամփուշտներ են եղել, սակայն թե որտեղից, չենք իմանում: Այժմ դրանով ոստիկաններն են զբաղվում»,- ասաց գյուղապետը:
Դեպքի օրը, գյուղապետի խոսքով, 13-ամյա տղան խաղահրապարակում ընկերների հետ խաղացել է, հետո վերադարձել տուն, որից հետո էլ այդ ողբերգությունը տեղի է ունեցել:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն նոյեմբերի 20-ին երեկոյան ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին եւ քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել եւ դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։